«Կարմիր գծերը» փոխարինվեն տրանսպորտի համար երթեւեկելի գոտիներով

Մանրամասներ
ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունները վերջապես պետք է կողմնորոշվեն՝ սպասարկելու են բոլո՞ր ՀՀ քաղաքացիների, թե՞ միայն իրենց ընտանիքների, օլիգարխների, ընկերների, կուսակիցների, իրենց հարստացնող բիզնեսմենների, որոշ սահմանափակ խմբերի, մասնավորապես՝ ավտոմեքենա ունեցողների շահերը: Եթե սպասարկելու են բոլոր քաղաքացիների շահերը, ուրեմն, քանի որ նրանց մեծամասնությունը չունի այնքան գումար, որ կարողանա գնել ավտոմեքենա, Երեւանում պետք է գործի քաղաքային տրանսպորտ, այլ ոչ թե դրա տնազը:

«Արմենպրեսից» տեղեկացանք, որ ոստիկանության եւ քաղաքապետարանի ղեկավարներն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում «ՃՈ պետը ներկայացրել է երթեւեկության միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները: Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու եւ առավել անվտանգ երթեւեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երեւանի 23 խաչմերուկներում երթեւեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Սիրելինե՛րս, հերիք է զբաղվեք աչքակապությամբ: Եթե դուք մայրաքաղաքի կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանում մեծ տարողունակություն ունեցող տրամվայները փոխարինել եք «կարմիր գծերով», որոնք փողոցի թողունակությունը փոքրացնում են մեկ երրորդով կամ նույնիսկ՝ կիսով չափ, նայած, թե այդ փողոցն ունի 3, թե 2 երթեւեկության գոտի, խաչմերուկների բարեկարգումը ոչինչ չի փոխի:

Չգիտեմ՝ կա՞ ն «կարմիր գծեր» աֆրիկյան եւ այլ հետամնաց երկրների մայրաքաղաքներում, թե՞ Երեւանն է ամենավայրենի մայրաքաղաքը, բայց մեր ժողովրդին հարիր եվրոպական փորձը հուշում է, որ «կարմիր գծերը» պետք է փոխարինվեն միայն քաղաքային տրանսպորտի համար նախատեսված երթեւեկության գոտիներով: Այլ ավտոմեքենաներն իրավունք չպետք է ունենան երթեւեկելու մայթերին կից այդ գոտիներով:

Այդ դեպքում քաղաքային տրանսպորտի աշխատանքը կդառնա անխափան, առանց խցանումների, ինչը հնարավորություն կստեղծի կանգառներում տեղադրել տաբլոներ, որոնք քաղաքացիներին կտեղեկացնեն, թե քանի րոպեից կժամանի իրենց հետաքրքրող քաղաքային տրանսպորտային միջոցը: Ինչպես որ այսօր արվում է Եվրոպայի՝ իր ժողովրդին հարգող եւ արժանապատիվ մայրաքաղաքներում:

Վերը նշված խորհրդակցության ընթացքում շոշափվել է նաեւ մոպեդների եւ էլեկտրասամոկատների արդեն իսկ վտանգավոր դարձած խնդրի կարգավորման հարցը, որի մասին սկսել են ահազանգել անգամ բժիշկները: Հիշեցնեմ, որ այդ հարցի մասին եւս առաջինն եմ բարձրաձայնել այս տարվա ապրիլի 26- ին «Հրապարակում» տպագրված «Էլեկտրասամոկատների վտանգները» հոդվածում:

Այս հարցում եւս կարիք չկա հեծանիվ հորինել: Եվրոպայում այն վաղուց արդեն կարգավորված է: «Կարմիր գծերի» փոխարեն ստեղծվելիք քաղաքային տրանսպորտի համար նախատեսված երթեւեկության գոտիների մայթերին կից մասերում պետք է գծվեն հեծանիվների եւ էլեկտրասամոկատների համար նախատեսված նեղ անցուղիներ: Նաեւ պետք է արգելել դրանց եւ մոպեդների երթեւեկը մայթերով:

Իսկ եթե որոշել եք Հայաստանում կիրառել Միացյալ Նահանգների փորձը, որտեղ տրանսպորտն այնքան էլ լավ չի աշխատում, բարի եղեք արագորեն բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները՝ հասցնելով դրանք ամերիկյան մակարդակի: Որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա գնելու ավտոմեքենա եւ չունենա տրանսպորտի կարիք:

Առայժմ, սակայն, մեր երկրում ամերիկյան եւ եվրոպական մակարդակի աշխատավարձեր են ստանում այդ երկրների ընկերությունների համար աշխատողները եւ որոշ պաշտոնյաներ, որոնք ժողովրդի անունն օգտագործելով՝ հնարավորություն են ստացել իրենք իրենց նշանակել այդպիսի աշխատավարձեր: Նրանք հենց իրենց հարմարության համար են պահպանում այդ չարաբաստիկ «կարմիր գծերը», որոնք առաջացնելով անվերջանալի խցանումներ՝ թունավորում են սովորական աշխատավորների, ուսանողների, դպրոցականների, թոշակառուների եւ այլոց կյանքը»: