Հայաստանի լեհական «զուգահեռը»՝ Պուտին, Էրդողան, Ռայիսի հանդիպման ֆոնին

Մանրամասներ

1

Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Լեհաստան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Զբիգնև Ռաուի և այլ պաշտոնյաների հետ: Արարատ Միրզոյանի լեհական այցը ուշագրավ է այն առումով, որ Լեհաստանը նաև ԵԱՀԿ նախագահող երկիր է և այդ առնչությամբ այցը ունի ոչ միայն երկկողմ նշանակություն, այլ կարևոր է նաև այդ ձևաչափի իմաստով: Համենայնդեպս, այն առնչությամբ, որ դա տեղի է ունենում նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդի հետ Միրզոյանի հեռախոսազրույցից հետո: Դոնֆրիդը Երևան և Բաքու է զանգահարել հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո, որը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է պատերազմից հետո:

Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ իր ռեգիոնալ այցի ընթացքում ամերիկացի հենց այդ պաշտոնյան հարցազրույցում հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, այդ թվում Ռուսաստանի հետ՝ չնայած ուկրաինական պատերազմի հանգամանքին: Այդ հայտարարությունն իհարկե արժանացավ Ռուսաստանի մերժողական արձագանքին, Լավրովը Բաքվում հայտարարեց, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն ուզում աշխատել:

Հատկանշական է, որ Դոնֆրիդի երևանյան հայտարարությունը հնչել էր ՌԴ արտգործնախարար Լավրովի Թեհրան կատարելիք այցից առաջ: Այդ իմաստով, ամերիկյան հայտարարությունը կարող էր հարցեր առաջացնել Իրանի մոտ, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է աշխատել ԱՄՆ հետ, ինչը բնականաբար դժգոհություն կառաջացներ Իրանի մոտ: Ռուսաստանի արձագանքը թերևս միտված էր նաև այդպիսի դժգոհությունը կանխելուն: Այդ համատեքստում,Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցից հետո Լեհաստան այցը որոշակի հատկանշականություն է ստանում հենց համանախագահության մասին Դոնֆրիդի հայտարարության համատեքստում: Եթե ԱՄՆ-ն իրապես պատրաստ է համանախագահության աշխուժացման ուղղությամբ աշխատանքի, այլ ոչ թե հայտարարությունները դիտարկում է որպես ռուս-իրանական ուղղությամբ ազդեցության տարր, ապա թերևս պետք է ունենա նաև պատկերացում քայլերի մասին: Ըստ այդմ, հնարավո՞ր է դիտարկել այդպիսիք՝ ԵԱՀԿ նախագահող երկրի ներգրավումով, քանի որ համանախագահության ձևաչափը գործում է ԵԱՀԿ մանդատի ներքո և այստեղ կարող են լինել աշխուժացման իմպուլսներ: Իհարկե սա դեռ չի նշանակում ինքնաբերաբար որևէ արդյունք, քանի որ նույն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, որոնք անկասկած առաջ են քաշելու իրենց մոտեցումները: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ նախաձեռնությունները կարող են բացել աշխատանքի դաշտ, որտեղ Երևանը կարող է դնել նպատակներ և փորձել լուծել խնդիրներ:

Հատկապես, երբ զուգահեռ տեղի է ունենում աշխատանք 3+3-ի ուղղությամբ, որի առնչությամբ թերևս կարող է էական լինել հուլիսի 19-ին Թեհրանում սպասվող Պուտին, Էրդողան, Ռայիսի հանդիպումը Թեհրանում: Հայաստանի արտգործնախարարի լեհական այցը ուշադրության է արժանի նաև դրանով, որ տեղի է ունենում Թեհրանում այդ հանդիպմանը զուգահեռ, որտեղ երեք նախագահները անկասկած կքննարկեն ոչ միայն մերձավորարևելյան, այլ նաև կովկասյան հարցեր: Այդ առնչությամբ որոշակի ազդակ հնչեց Բաքվում Իրանի դեսպանի շուրթերով, որը նախօրեին թվիթերյան գրառում էր արել, թե երկկողմ և ներռեգիոնալ երկխոսությունը լավագույնն է Հարավային Կովկասի կայունության հեռանկարի համար: Երևանն անկասկած չի կարող անտեսել ռեգիոնալ դերակատարների տրամադրությունները, այդ թվում առավել ևս Իրանի, որը կարևոր բարեկամ ու գործընկեր է, սակայն միևնույն ժամանակ Հայաստանի համար էական է ներռեգիոնալ այդ խաղին զուգահեռ գործոնների աշխուժությունը, որի հնարավորություն է այցը Լեհաստան:

Սկզբնաղբյուր