Оսկարակիր ռեժիսոր Կոստա-Գավրասը Երևանում հանդիպել է կինոարվեստի երկրպագուների հետ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

 

ա

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսորը հուլիսի 12-ին հյուրընկալվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, կինոգործիչների ուղեկցությամբ շրջեց այնտեղ և ստորագրեց միության բուխարու սրահի պատին: Այնուհետև ռեժիսորի հետ հանդիպելու հնարավորություն ունեցան կինոարվեստի երկրպագուները:

Զրույցի ընթացքում նա ասաց, որ ինքը պարզապես ռեժիսոր է և փորձում է իր բնագավառում լավագույնն անել:

Ռեժիսորը երիտասարդության շրջանում ապրել է Հունաստանում, որտեղ հիմնականում վեսթերն ժանրի ֆիլմեր է դիտել: Ֆիլմերը Կոստա-Գավրասին հետաքրքրել են, բայց շատ բան չեն ասել կյանքի մասին: «Ֆրանսիա մեկնեցի, որովհետև այն Եվրոպայի միակ երկիրն էր, որտեղ կրթությունն անվճար էր, որտեղ աջակցում էին ուսանողներին: Այդ ժամանակ կարծում էի, որ աշխարհի լավագույն գրողները ֆրանսիացիներն են: Ես ևս ցանկանում էի գրել: Ընդունվեցի Սորբոնի համալսարան, որտեղ բացահայտեցի ֆիլմադարանն ու դիտեցի այնպիսի կինոնկարներ, որոնք էապես տարբերվում էին այն ֆիլմերից, որոնք նայել էի Հունաստանում: Պարզվեց, որ կինոն կարող է անտիկ թատրոնի համարժեքը լինել, թատրոնի, որը խոսում է մարդկանց, նրանց հարաբերությունների, ատելության, սիրո մասին: Բացահայտեցի, որ կինոն միայն զվարճանալու միջոց չէ, այլև կարող է մտորումների առիթ տալ»,-պատմեց ռեժիսորն ու հիշեցրեց, որ ընդունվել է համալսարան գրել սովորելու նպատակով, բայց որոշել է պատմություններ պատմել պատկերների միջոցով:

Կոստա-Գավրասի կինոարվեստի մասին խոսելիս հաճախ են ասում, որ նա քաղաքական հարցադրումներով ֆիլմեր է ստեղծում, իսկ անձամբ ռեժիսորը կարծում է, որ ցանկացած ֆիլմում կա քաղաքականություն, սակայն այն  նաև հանդիսություն է, քաղաքական ելույթ ու տեքստ չէ, և մարդիկ գնում են կինո դիտելու բազմաթիվ հույզեր ապրելու համար, գնում են կինոթատրոն՝ լաց լինելու, ծիծաղելու, զվարճանալու, տխրելու, իսկ հետո յուրաքանչյուրն այդ հույզերի հետ վարվում է այնպես, ինչպես ինքն  է ուզում:

«Գուցե իմ ֆիլմերում անդրադարձել եմ արգելված թեմաների, և դա արել եմ արգելված եղանակներով, բայց նման բան շատ ռեժիսորներ են արել: Կինոյի դերն է ուսումնասիրել հասարակությանը, անդրադառնալ այն շերտերին, որոնց մասին ոչ ոք չի խոսում: Կինոն դա անում է տաղանդավոր դերասանների միջոցով»,-շեշտեց նա:

Նա հիշեց իր առաջին սցենարը, որը վերածվել է ֆիլմի: Կինոնկարում նկարահանվել են հանրահայտ ֆրանսիացի դերասան Իվ Մոնտանն ու դերասանուհի Սիմոնա Սինյորեն: Ռեժիսորը պատմեց, որ սցենարին ծանոթանալուց հետո պրոդյուսերներից մեկն իրեն առաջարկել է ֆիլմ նկարահանել: Կոստա-Գավրասը զարմացել է, սակայն չի կարողացել մերժել: Նա ցանկացել է երիտասարդ աղջկա դերում տեսնել Սենյորեի դստերը: Սցենարին ծանոթանալուց հետո Սենյորեն առաջարկել է հասուն կանանցից մեկի դերը մարմնավորել՝ նշելով, որ իր դուստրը դեռ պետք է սովորի: Հետո Իվ Մոնտանն է առաջարկել նկարահանվել կինոնկարում, և Կոստա-Գավրասի դեբյուտը կայացել է: «Նկարահանման յուրաքանչյուր օր ինքս ինձ ասում էի՝ եթե ձախողեմ կինոնկարը, ուրեմն երկրի ամենամեծ ապուշը կլինեմ»,-խոստովանում է նա և ուրախությամբ հիշում, որ ֆիլմը հաջողվել է ու սիրվել:

Խոսելով Հայաստանի մասին՝ ռեժիսորն ասաց, որ վաղուց է ցանկացել գալ Հայաստան, սակայն առիթ չի ընձեռվել: «Ուզում էի գալ, որովհետև Փարիզում հայ ընկերներ ունեմ և գիտեմ ձեր պատմությունը, որը բավականին ծանր է եղել. հեշտ չէ նաև հիմա»,-նշեց Կոստա-Գավրասը:

«Կոստա-Գավրասի օսկարակիր «Z»-ը «Օսկարի» պատմության առաջին ֆիլմն է, որն առաջադրվել է թե՛ «Lավագույն ֆիլմ», և թե՛ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում: 1982 թվականին «Անհետ կորած» ֆիլմի համար Կոստա-Գավրասն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակի՝ լավագույն էկրանավորման սցենարի համար, իսկ «Երաժշտական արկղիկ»-ը (1989թ.) Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին: Նա եղել է ֆրանսիական կինոյի նահապետ Ռենե Կլերի օգնականը և իր հերթին ազդեցություն է ունեցել այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը և Սթիվեն Սոդերբերգը։

«Ոսկե ծիրան» -ից օրեր անց Լոկառնոյի կինոփառատոնը Կոստա-Գավրասին կշնորհի պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Ֆրանսիական Սինեմատեքի նախագահ Կոստա-Գավրասը մի քանի ամիս անց կդառնա 90 տարեկան։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 10-17-ը։ Փառատոնի շրջանակում Կոստա-Գավրասի ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիր կլինի: Բացումը կազդարարվի հուլիսի 12-ին  «Զետա» ֆիլմի երևանյան պրեմիերայով: