ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված գումարների ծավալը վերջին ամիսներին շարունակաբար աճում է։ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ ներհոսքի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից փոխանցվող գումարների աճով։
Այս տարվա մայիսին արտերկրից ֆիզիկական անձանց կողմից դեպի ՀՀ ընդհանուր փոխանցումները կազմել են 412 մլն 116 հազար դոլար։ Այդ թվում՝ մայիսին Ռուսաստանից փոխանցումները կազմել են 266 մլն 213 հազար դոլար։ ԱՄՆ-ից հոսքը եղել է 57 մլն 598 հազար դոլար։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա մայիսին ֆիզիկական անձանց կողմից ընդհանուր փոխանցումները կազմել են 174 մլն 854 հազար դոլար, որից՝ 72 մլն 078 հազարը՝ Ռուսաստանից։
Սկսած այս տարվա մարտ ամսից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումներն ըստ ամիսների աճում են։ Եթե մարտ ամսին փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել էր 252 մլն 681 հազար դոլար, ապրիլին՝ 299 մլն 463 հազար դոլար, ապա մայիսին արդեն կազմել է 412 մլն 116 հազար դոլար։ Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները մարտին կազմել են 115 մլն 841 հազար դոլար, ապրիլին՝ 174 մլն 193 հազար դոլար, մայիսին՝ 266 մլն 213 հազար դոլար։
Ըստ ամիսների ԱՄՆ-ից փոխանցումներն էական աճ չեն գրանցել․ մարտին ԱՄՆ-ից ընդհանուր փոխանցումների թիվը կազմել է 60 մլն 864 հազար դոլար, ապրիլին՝ 56 մլն 182 հազար դոլար և մայիսին՝ 57 մլն 598 հազար դոլար։ Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա մարտ ամսից սկսած ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալը չի աճում։
Ընդ որում, կրճատվում է դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը։ Այսպես, եթե մարտին Հայաստանից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր փոխանցումները կազմել էին 161 մլն 988 հազար դոլար, ապրիլին՝ 140 մլն 280 հազար դոլար, ապա մայիսին կազմել է 146 մլն 167 հազար դոլար։ Այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստան փոխանցումները մարտին կազմել են 64 մլն 257 հազար դոլար, ապրիլին՝ 31 մլն 219 հազար դոլար, իսկ մայիսին՝ 27 մլն 478 հազար դոլար։ Դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալը ևս նվազել է, եթե մարտին կազմել էր 25 մլն 534 հազար դոլար, ապա մայիսին ՀՀ-ից ԱՄՆ ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները կազմել են 20 մլն 555 հազար դոլար։
0Comments