Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ. նա կենդանության նշաններ ցույց չի տալիս. Տեսանյութ

Մանրամասներ
ա

Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով 06:30-ին)։ Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։ 

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։

Սոցցանցերում արդեն իսկ հրապարակվել են կադրեր դեպքի վայրից։ Հրապարակված տեսանյութում երևում է վիրավոր քաղաքական գործչի շուրջ հավաքված մարդկանց խումբը։ Նրանցից մի փոքր հեռու անվտանգության աշխատակիցները դեպքի վայրից հեռացնում են մի մարդու, որը ենթադրյալ հանցագործն է։ Ոստիկանության հաղորդմամբ՝ մահափորձն իրականացրած անձը ձերբակալվել է։

Տեսանյութը՝ այստեղ։