Երկրի վարչապետի մակարդակով բացեիբաց խոսվել է հայրենիքի դավաճանության մասին, որոնց վերաբերյալ, սակայն, որևէ իրավական գործընթաց գոյություն չունի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ շեշտելով՝ Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ ապրիլի 14-ին Ազգային Ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց։ Այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն որևէ լույս չի սփռվել այն հարցի վրա, թե այդ ի՞նչ հարցեր են և ո՞ւմ են ուղղված․․․:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, որ բարձրաստիճան զինվորականը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։ ․․․Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ովքեր են։ Մենք ո՛չ պետություն, ո՛չ էլ բանակ ունենալու իրավունք կունենանք, եթե այդ հանցագործներին չպատժենք խստորեն։ Սա մեր սերնդի արժանապատվության հարցն է»,- գրել է Նորիկյանը։
Քաղաքական գործիչը նաև հավելել է՝ իր պարտքն է համարում մինչև վերջին շունչը պայքարել, որ Հայաստանին դիտավորյալ պարտության հասցրած բոլոր հանցագործները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։
«Երիցս կրկնում եմ՝ ո՛վ զինվորի հացը գողացել ու կերել է, ո՛վ թալանել է բանակը, ո՛վ դավաճանել է հայրենիքին, ո՛վ մսխել է Արցախի հաղթանակը, նա պետք է պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից․․․»,- հավելել է նա։
0Comments