Բերդի օդանավակայանի հարևանությամբ ռուսական ռազմակայան է տեղակայվելու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող օդանավակայանի հարևանությամբ ակտիվ շինարարություն է ընթանում, ըստ տեղեկությունների՝ այստեղ ռուսական ռազմակայան է տեղակայվելու։ Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է։ «Այդ տարածքը Այգեպար գյուղից 1 կմ հեռու է, այնտեղ շինարարությունը գնում է։ Շինարարությունը հայ շինարարների կողմից է իրականացվում, աշխատողները ռուսներ չեն, բայց հավանաբար զինվորական կազարմա է կառուցվում։ Մենք հստակ տեղեկություն չունենք»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նշենք, որ վերջին նիստերից մեկում ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:

Ըստ կառավարության հիմնավորման՝ «Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում նույնպես առաջիկայում ռուս զինվորականներ են տեղակայվելու։ Ոսկեպարի համայնքապետարանի ներկայացուցիչ Մեխակ Ստեփանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հողատարածքը հատկացված է, առաջիկայում կմեկնարկեն ռուսական ուղեկալի կառուցման աշխատանքները։ Ըստ նրա՝ ռուսների տեղակայման նպատակի մասին հստակ տեղեկություն չունեն համայնքում։ «Տարբեր տեղեկություներ կան նրանց տեղակայման մասին, բայց հստակ չեմ կարող ասել»,- հավելեց Մեխակ Ստեփանյանը։

Դեռևս 2021 թվականին տեղեկություններ եղան, որ ռուսական կողմը Տավուշում տեղակայվելու համար տարածքներ է փնտրում։ Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը նախորդ տարի Lragir.am-ին ասել էր, որ ռուս զինվորականները ժամանակավոր հանգրվանել էին Ազատամուտ համայնքում և մշտական տեղակայման վայրերն էին որոշում։