Երևանի 7 պոլիկլինիկա կմիավորվի. աշխատակիցների կրճատում չի լինի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 7 պոլիկլինիկա կվերակազմակերպվի: Շահարկումներից զերծ մնալու համար փոխքաղաքապետը նշում է՝ պոլիկլինիկաները պարզապես ավելի խոշոր իրավական միավորի են վերածվում, ինչը կբերի ծառայությունների որակի բարձրացման և ֆինանսական առողջացման:

Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի և Նորք-Մարաշի պոլիկլինիկաները, միանշանակ, իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են, և ինչ-որ փոփոխություն, ծառայության տեղափոխում բացարձակապես չի քննարկվում, ընդհակառակը՝ այս տարի Նորք-Մարաշի մեր պոլիկլինիկան, որ խոշորացումով միացավ թիվ 4 պոլիկլինիկային, կսկսենք նաև կապիտալ վերանորոգման աշխատանքները, հետագայում նաև կվերազինենք:

Իսկ տեղափոխման քննարկումները շարունակվում են համար 1 և Արաբկիրի մանկական պոլիկլինիկայի մասով:

Գևորգ Սիմոնյան - Քննարկումը կդառնա որոշում, եթե գործող պոլիկլինիկայի թե՛ ազգաբնակչությանը, թե՛ բուժանձնակազմին ավելի լավ պայմաններ կառաջարկվեն մյուս վայրում:

Առաջնային օղակի ֆինանսավորման տրամաբանությունը կախված է սպասարկվող ազգաբնակչության թվից, եթե այն ցածր է նախատեսված շեմից, կազմակերպության գործունեությունը ֆինանսապես արդյունավետ չի համարվում:

Գևորգ Սիմոնյան - Փոքր բյուջեով չեն կարողանում ներգրավել մասնագետներ, պայմանական՝ նյարդաբան չես ունենում: Խոշորացման արդյունքում նման բնույթի բոլոր խնդիրները կլուծվեն: Եթե երկու շենքերի մասով ծառայությունները տեղափոխենք՝ ստիպված չենք լինի 4 շենք հիմնանորոգվել:.

Կատարվող փոփոխությունը հիմնականում կառավարման, ֆինանսական հոսքերի, գնումների և այն ուղղություններով են, որոնք քաղաքացիներին տեսանելի չեն:

Գևորգ Սիմոնյան - Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խոշորացնում ենք, փակում ենք, ասեմ, որ այս տարի նախատեսում ենք քաղաքապետարանի բյուջեով շուրջ 230 մլն դրամի սարքավորումների և պարագաների ձեռքբերում և հագեցում, մինչև տարեվերջ՝ 8 ռենտգեն թվային սարքերի ձեռքբերում, ինչի արդյունքում մենք մեր առաջնային օղակներում էլ չենք ունենա Սովետական Միությունից ժառանգված սարքեր: Նաև 8՝ ուլտրաձայնային սարքավորում:

Սիմոնյանը վստահեցնում է՝ միավորման արդյունքում որևէ մեկն իր աշխատանքը չի կորցնի:

Գևորգ Սիմոնյան - Շատ մասնագետներ ունենք, որոնք 0.25 դրույք են, 0.5 դրույք են, վերամիավորման արդյունքում իրենց դրույքը կավելանա, և արդեն ավելի բարձր աշխատավարձ կստանան, բայց, միևնույն ժամանակ, նախատեսում ենք ֆինանսավորման վերանայում, որով ձևավորվում է բժիշկների աշխատավարձը:

Այս տարի կապիտալ վերանորոգման կենթարկվեն Ավանի և Նորք-Մարաշի պոլիկլինիկաները: Հաջորդ տարի նախատեսվում է վերակառուցել 5 պոլիկլինիկա: Երևանցիներն այսօր ավելի հաճախ դիմում են մասնավոր բուժկենտրոններ, այս փոփոխությունների վերջնանպատակը քաղաքացիների շրջանում պոլիկլինիկաների աշխատանքի հանդեպ վստահության վերականգնումն է:

Գևորգ Սիմոնյան - Ինչը օբյեկտիվ հիմքեր ունի, մասնավոր կենտրոններն արել են ներդրումներ, կառավարվում են առողջ, ունեն լավ սարքավորումներ: Հիմա փորձում ենք վերականգնել մրցակցությունը:

Միավորումը հնարավորություն կտա նաև ավելի բարձր աշխատավարձով բժիշկ մասնագետներ ներգրավելու, ծառայություններն ավելի որակյալ դարձնելու:

1lurer.am