Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի հովանու ներքո ներկայումս աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա։

Այս մասին Բրյուսելում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը։

«Այժմ մենք միասին աշխատում ենք Շվեդիայի, Ֆինլանդիայի և մեր դաշնակից Թուրքիայի միջև համաձայնագրի շուրջ՝ որպես անվտանգության խնդիրների լուծման շարունակական ջանքերի մաս, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ արդարացված են և պետք է հաշվի առնվեն։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Հելսինկին և Ստոկհոլմը հայտարարել են դաշինքին միանալու իրենց մտադրության մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ այդ երկրները աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին և պատժամիջոցներ են սահմանում Թուրքիայի դեմ։