Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 

Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ խոսակցության գնալուց հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:

Ինչպես նշել են այդ երկրի ԱԳՆ-ում, Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ցանկությունը։

«Վարչապետ Փաշինյանին հիշեցնում ենք՝... տարածքների ազատագրումից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողն Ադրբեջանն էր:

Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի (խաղաղության) պայմանագիրը։ Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։

Ադրբեջանական կողմը ոչ միայն հայտարարություններ է անում երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման և կողմերի միջև ապագա խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այլև  հայտարարվածը իրականացնում է իր գործողություններով և կոնկրետ քայլերով...

Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցքի գործունեության արդյունավետությունը...

Հայաստանի վարչապետը, առանց կոնկրետ փաստերի անդրադառնալու, հայտարարեց, որ ադրբեջանական կողմը առնվազն  մեկ անգամ բոյկոտել է հանդիպումը։ Եթե սկսեք թվարկել հետկոնֆլիկտային փուլում միջազգային միջնորդների մասնակցությամբ մինչ այժմ առաջարկված և Հայաստանի կողմից տարբեր պատրվակներով խախտված, ինչպես նաև դրանց մեկնարկից 1-2 ժամ առաջ հայկական կողմի սադրանքների պատճառով հետաձգված հանդիպումները, ապա ցուցակը շատ երկար կլինի։

Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն, այլ ոչ թե ժամանակ վատնի այն ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին և անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգը Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ունի ռեալ այլընտրանք՝ Փաշինյանը բացասական պատասխան էր տվել:

«Երեկ էլ չուներ այլընտրանք, երեկ չէ առաջին օրն էլ չուներ այլընտրանք: Այլ բան է, թե մենք ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը: Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է հանդիպակաց, կառուցողական շարժում լինի: Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը: Այլընտրանք չունի, և նաև դա է պատճառը, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել՝ ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասել էր Փաշինյանը:

Նա ընդգծել էր, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը նոր պատերազմն է: Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու համար:

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը հրաժարվել է երեկ Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպումից, ինչպես նաև չի արձագանքել արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հայկական կողմի առաջարկին։

«Իմ գնահատականը մեկն է՝ դա արվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար: Մենք իլյուզիաներ չունենք Ադրբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, բայց նաև առավել ևս այդ պարագայում մեզ համար առավել սկզբունքային և կարևոր է խաղաղության օրակարգի հետևողական, համբերատար առաջ մղումը: Եվ բազմիցս եմ ասել, որ այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր, հավասարակշռվածություն, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,-ասել էր Փաշինյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա: