Պուտինին թույլ չենք տալու ջրից չոր դուրս գալ. Ջոնսոնը հայտնել է, որ ծրագրվում է Զելենսկու պետական այցը Մեծ Բրիտանիա, նաև հանդիպումը թագուհու հետ

Մանրամասներ
ա

Մեծ յոթնյակի վեհաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ իր համար մեծ պատիվ կլինի պետական ​​այցով ընդունել Վլադիմիր Զելենսկիին, եթե Ուկրաինայի նախագահը որոշ ժամանակով լքի պատերազմից տուժած իր երկիրը, տեղեկացնում է BBC-ն։

Ջոնսոնն ընդգծել է, որ այժմ Ուկրաինայի համար կարևոր է, որ արևմտյան առաջնորդները մնան միասնական՝ ի պաշտպանություն նախագահ Զելենսկու։

«Կարծում եմ՝ Վլադիմիր Զելենսկին բացարձակապես զարմանալի աշխատանք է կատարել՝ առաջնորդելով իր երկիրը և համաշխարհային համերաշխությունը սարսափելի պահին», – ասել է Ջոնսոնը բրիտանական ITV News-ին տված հարցազրույցում։

The Sunday Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ բրիտանական նախարարների կաբինետը դիտարկում է Զելենսկու՝ Մեծ Բրիտանիա պետական ​​այցի ամբողջական ծրագիրը, ներառյալ թագուհու հետ հանդիպումը:

Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը նույնպես կցանկանար, որ Ուկրաինայի նախագահը ելույթ ունենար կուսակցության հոկտեմբերին կայանալիք համաժողովում, գրում է թերթը:

Ջոնսոնը կոչ է արել իր գործընկերներին չպնդել խաղաղության համաձայնագիրը, որի արդյունքում Վլադիմիր Պուտինը կկարողանա հայտարարել իր հաղթանակի մասին։ Ջոնսոնն ասել է. «Եթե թույլ տանք Պուտինին չոր դուրս գալ ջրից, հետևանքները ողջ աշխարհի համար՝ բռնության օրինականացման առումով, շատ ավելի վատ կլինեն»: