Բաքուն Լավրովի ներկայությամբ սպառնաց Հայաստանին․ ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ալիեւը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թեհրանից Բաքու ժամանած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ներկայությամբ Ալիեւն ու նրա ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրեցին «խաղաղ պայմանագրի» աշխատանքները ձգձգելու մեջ եւ սպառնացին «լուրջ ռիսկերով»։ Լավրովի Երեւան-Թեհրան-Բաքու այցերի նման «ամփոփումը» պատահական չէ՝ այցը ուղեկցվեց հակահայ նոր սկանդալներով ու ակտերով, Լավրովի խոսնակը սահմանին Բաքվի հերթական սադրանքի վերաբերյալ հայ լրագրողի հարցին ի պատասխան նետեց՝ սահմանազատում արեք, որ նման միջադեպեր չլինեն։

Բաքվում հնչած հայտարարություններից արժե առանձնացնել հետեւյալը․ Նախ, Լավրովը պարտավորվեց, որ Հայաստանը կարագացնի սահմանազատման, հաղորդակցությունների բացման եռակողմ հանձնաժողովներում աշխատանքը։

Հայտարարվեց, որ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը ԱՄՆ եւ Ֆրանսիայի մեղքով, թեեւ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել աշխատանքը խմբում։ ՌԴ ԱԳՆ-ն, սակայն, մերժել էր այդ առաջարկը։

Մոսկվան ու Բաքուն համաձայնագիր ստորագրեցին անվտանգության ոլորտում, այդ թվում՝ զլմ-ների սերտ համագործակցության։ Սա անկասկած կապված է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցի հետ, որը հրապարակել էր ՌԴ ՌԻԱ պետական գործակալությունը։ Բաքվի պահանջով սակայն հարցազրույցը հեռացվեց, իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակը հարցազրույցը համարեց ֆեյք եւ ապատեղեկատվություն։

Այսպիսով, կարելի է արձանագրել հետեւյալը․ Մոսկվան ու Բաքուն պաշտոնականացնում են Հայաստանի դեմ համատեղ ճնշման, արտաքին միջամտության բացառման եւ քարոզչությունը լիակատար ներդաշնակեցնելու իրողությունները։

Լավրովն ավելի վաղ անկեղծացել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Մինսկի խմբում պաշտպանում էին հայկական շահերը։ Մոսկվան հույս ուներ ՄԽ-ում «օրինականացնել» Հայաստանի դեմ նախաձեռնած պատերազմն ու «հետպատերազմյա կարգավորումը» եւ հավասար բաշխեր իր ոճրագործության պատասխանատվությունը (հիշվում է Լավրովի արդարացումը՝ թե իրենք իրագործել են այն, ինչն արձանագրված էր ՄԽ առաջարկներում)։ Սակայն Վաշինգտոնն ու Փարիզը մերժեցին եւ նոյեմբերի 9-ի թուղթը հրաժարվեցին ճանաչել որպես կարգավորում։

Բաքվում պայմանավորվածությունները ՄԽ չեզոքացման հետեւանքն են՝ Արեւմուտքով քողարկվելու եւ մանեւրելու հնարավորությունը սպառված է, չնայած Երեւան գործուղվող ռուսական էմիսարների ու հայաստանյան ագենտուրայի ջանքերին։

Սկզբնաղբյուր