Հուլիսի 1-ից 300 հազար դրամից ավելի վճարումները պետք է անկանխիկ արվեն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության սահմանափակման մասին փաթեթը։ Կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ձեռքբերումների պարագայում անկախիկ վճարումներ են կատարվելու։

«Մենք կառավարության հետ համատեղ համաձայնությամբ վճարային տերմինալներով վճարվող գումարները, եթե դրանք փոխանցվում են ընկերության հաշվին, ևս այս պահին համարում ենք անկանխիկ գործառնություն։ Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին, մեծ հաշվով հարցը լուծված է, որովհետև բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման ու ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա։ Նաև բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս մինիմալ լինի տնտեսվարողների բեռը, որը պիտի տնտեսվարողները վճարեն այդ տիպի սարքերի սպասարկման դիմաց։ Օրինակ՝ գյուղական վայրերում, եթե շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսվարողը բանկին այդ ՀԴՄ-ն սպասարկելու համար ամսական վճարելու է ընդամենը 1000 դրամ, Երևանում՝ ավելի բարձր։

Ամենագլխավոր խնդիրն այն է, որ մենք ունենք մոտ 50 հազար ՀԴՄ-ներ, որոնք POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն, և մենք դա հնարավորինս արագ կիրականացնենք։ Գերխնդիրը, որն ունենք, այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե 1 խանութ կամ տերմինալ, որը հնարավորություն կտա մարդուն վճարել անկանխիկ։ Կարևոր մեսիջ, որը մենք հիմա հանրությանը պետք է տանք, այն է, որ անկանխիկ, թե կանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողի կողմից պիտի նույնը լինի։ Տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե մարդը վճարում է կանխիկ կամ անկանխիկ»,- ասաց ԿԲ նախագահը։

Ըստ նրա՝ վեցամսյա մոնիթորինգ է լինելու, եթե պարզվի, որ անկանխիկի ծավալները մեծանում են, բակային համակարգը շահում է, բանկերը պետք է սակագին իջեցնեն։ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն էլ հավելեց, որ առաջին սերնդի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի տեղադրման հարցն ամբողջովին լուծվել է։ Սրանք այն նոր սերնդի ՀԴՄ-ներն էին, որոնք տնտեսվարողները ձեռք էին բերել առաջին փուլով, և որոնց թիվը շուրջ 18 հազար է։ «Տվյալ պահին մնում է, որ հարկ վճարողները սահմանված ժամկետում դիմեն բանկեր և կամ ձեռք բերեն POS տերմինալներ, կամ իրենց ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնեն POS տերմինալ ֆունկցիան»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։