Թուրքիան հիմա ավելի հեռու է ԵՄ անդամակցությունից, քան՝ 1999-ին. Եվրահանձնաժողովի նախագահ

Մանրամասներ
ա

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խոսելով Եվրամիության հնարավոր նոր անդամների մասին, ասել է, որ Թուրքիան հիմա ավելի հեռու է եվրաանդամակցությունից, քան՝ օրինակ 1999 թվականին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Լյայենը համեմատել է Սլովակիային ու Թուրքիային, որոնք 1999-ին միաժամանակ էին անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել:

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բավականաչափ ճկունությունն ու առաջանցիկությունն ավելի շատ կախված է դիմող երկրից։

«1999-ին Սլովակիան ու Թուրքիան անդամ երկրի կարգավիճակ ստացան: Սլովակիան ավարտեց գործընթացն ու ԵՄ անդամի կարգավիճակ ստացավ, քանի որ իրականում շատ էր ուզում անդամակցել: Թուրքիան, սակայն, հիմա ավելի հեռու է անդամությունից, քան 23 տարի առաջ»:

Նշենք նաև, որ Լյայենը նախորդ շաբաթ կոչ էր արել Ուկրաինային ու Մոլդովային անդամ երկրի կարգավիճակ տրամադրել, ավելացնելով, որ անդամ 27 երկրներից էլ այս թեմայով պատասխանի է սպասում հունիսի 23-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովին: