Հակամարտության կարևորագույն կողմերը դեռևս մնում են չլուծված. ԱՄՆ դեսպանատուն

Մանրամասներ

1

Radar Armenia-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպանատներ՝ խնդրելով ներկայացնել նրանց տեսակետը ԼՂ հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ։ Առայժմ ստացել ենք միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանները։ ՀՀ-ում Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատները դեռ չեն արձագանքել մեր հարցմանը։

Եվ այսպես, Radar Armenia-ն ԱՄՆ դեսպանատնից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքը, եթե ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով այն փաստացի չի գործում։

ԱՄՆ դեսպանատնից արձագանքել են. «Միացյալ Նահանգները ջանում է աջակցել և նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ դրական զարգացումներին։ Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձևաչափում ու նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծել բոլոր չկարգավորված խնդիրները»։

Radar Armenia-ն նաև հետաքրքրվել է՝ Ադրբեջանը ՀՀ տարածքով դեպի Նախիջևան ցանկանում է ունենալ ճանապարհ և դա փոխկապակցում է ԼՂ խնդրի հետ։ Ի՞նչ դիրքորոշում ունի դեսպանատունն այդ հարցի շուրջ։ «Շատ հարցեր դեռևս լուծման կարիք ունեն, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցերը։ Միացյալ Նահանգները ողջունում է այս և այլ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կառուցողական ներգրավվածությունը»,- ընդգծել են դեսպանատնից։

ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ դեսպանատնից արձագանքել են. «Հակամարտության կարևորագույն կողմերը դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումն է»։

Եվ վերջապես, Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ ԼՂ խնդիրը չկա, և հարցը լուծված է։ Հարցին՝ համամի՞տ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այդ դիրքորոշման հետ, թե՞ ոչ. «Մենք, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված ջանքերում»։