Երևանում այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։
Որպես հյուրընկալող և նիստը նախագահող երկիր՝ այն բացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շնորհավորելով ներկաներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ և հայտարարելով, որ այս հոբելյանը կարևոր հանգրվան է ռազմաքաղաքական կառույցի հետագա զարգացման գործում։
Նա հաջողություններ է մաղթել մասնակիցներին կազմակերպության շրջանակում համատեղ աշխատանքների ժամանակ։
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում նեղ և ընդլայնված կազմով քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև՝ այլ հարցեր:
Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:
0Comments