Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման մրցույթում հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն

Մանրամասներ
ա

Ամփոփվել են դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով հայտարարած դրամաշնորհային մրցույթին հայտ է ներկայացրել 6 կազմակերպություն՝ «Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան»:

Մասնագիտական խմբի ամփոփիչ նիստում, որը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել և գնահատել են պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի համապատասխանությունը դրամաշնորհի պահանջներին: Մասնագիտական խմբի որոշմամբ՝ վերոնշյալ 6 կազմակերպություններին առաջարկվել է կնքել պայմանագիր:

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպություններին տրամադրվելիք հատկացումները կկազմեն 375 մլն 600 հազար ՀՀ դրամ:

Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: 

Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2022 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ