Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի թեկնածու է․ նա վաղը կհանդիպի ՔՊ-ականներին

Մանրամասներ

1

Factor.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Վաղը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Աննա Վարդապետյանի հանդիպումը: ՔՊ-ից երկու պատգամավոր, անանուն մնալու պայմանով, հաստատեցին Factor.am-ի տեղեկությունները՝ նշելով, որ խմբակցության ղեկավարությունից, հանդիպման մասին տեղեկացնելով, շեշտել են, որ Աննա Վարդապետյանի առաջադրման և նրա հետ հանդիպման մասին տեղեկություններն առայժմ չհրապարակեն: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Աննա Վարդապետյանից և ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Նա ընտրվել էր ՀՀԿ իշխանության օրոք:

Չնայած Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններին, Դավթյանը Փաշինյանի իշխանության գալուց հետո շարունակեց պաշտոնավորել:

Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանը հեղափոխությունից հետո նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչ 2019 թվականի նոյեմբերը, իսկ 2020 թվականի մարտից առ այսօր Նիկոլ Փաշինյանի օգնականն է: