Ռուսաստանի օլիգարխների ինքնաթիռները թռչում են Եվրոպայի վրայով՝ շրջանցելով պատժամիջոցները

Մանրամասներ
ա

Ռուս օլիգարխների ինքնաթիռները շարունակում են թռչել Եվրոպայի վրայով՝ շրջանցելով պատժամիջոցները։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մոտ 30 նման թռիչք։ Այս մասին հայտնում է Welt գերմանական հրատարակությունը։

Մարտի կեսերին բրիտանական իշխանությունները կալանք են դրել միլիարդատեր, Millhouse ներդրումային ընկերության ղեկավար Եվգենի Շվիդլերի ինքնաթիռի վրա: Շվիդլերը համարվում է միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ընկերը։ Կալանքից առաջ նրա ինքնաթիռը ութ անգամ թռչել է Եվրամիության սահմանների ներսում, այդ թվում՝ Գերմանիայի օդային տարածքով։ Վերջին անգամ Շվիդլերի ինքնաթիռը Համբուրգից թռչել է Լոնդոն մարտի 18-ին։

Ռուս մեկ այլ օլիգարխի՝ Ալիշեր Ուսմանովի ինքնաթիռը Մյունխենից օդ է բարձրացել փետրվարի 28-ին՝ օդային տարածքի փակման հաջորդ օրը: Միաժամանակ Ֆլորենցիայից Տաշքենդ է թռչել գործարարի մեկ այլ ինքնաթիռ։

Ինքնաթիռը, որը գրանցված է Սան Մարինոյում և շահագործվում է շվեյցարական ընկերության կողմից, պատկանում է ռուս գործարար Ալբերտ Ավդոլյանին, ով մարտի 2-ին Նիցցայից թռչել է Ստամբուլ։

Լյուքսեմբուրգում գրանցված մեկ այլ ինքնաթիռ, որը պատկանում է օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգին, նույնպես կարողացել է ապրիլին լքել Եվրոպան։ Ինքնաթիռը թռել է Բազելից, հատել ԵՄ օդային տարածքը և վայրէջք կատարել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։

Բացի այդ, միլիարդատեր Ալեքսանդր Զանադվորովի ուղղաթիռը ազատորեն թռչում է Ֆրանսիայում։ Պատժամիջոցների սահմանումից ի վեր գրանցվել է առնվազն ութ չվերթ։

Նման թռիչքները հնարավոր են այն պատճառով, որ օդանավերը գրանցված են Ռուսաստանի սահմաններից դուրս և պատկանում են ոչ ռուսական ընկերություններին։

ԵՄ օդային տարածքի փակումը ռուսական ինքնաթիռների համար պատժամիջոցների փաթեթի մի մասն է, որը ԵՄ-ը սկսեց կիրառել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: ԵՄ-ը և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել նաև մի շարք ռուս գործարարների նկատմամբ, արգելափակել նրանց ունեցվածքը, ձերբակալել զբոսանավերն ու ինքնաթիռները, իսկ նրանց արգելել մուտք գործել եվրոպական երկրներ։