«Փառուխն էլ, մնացածն էլ»․ Ինչ փոխանցեց Լավրովը Երեւանում

Մանրամասներ

1

Փառուխից Բաքվի զորքերի դուրսբերման հարցը կլուծվի սահմանազատման աշխատանքների շրջանակում։ Հայաստանի տարածքով երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է այդ ճանապարհներին։ Սահմանազատման աշխատանքներին ՌԴ-ն քարտեզագրական նյութեր կտրամադրի եւ միջնորդի դեր կխաղա՝ Լավրովի երեւանյան ասուլիսի այս թեզերը Հայաստանի դեմ ՌԴ թշնամական պլանների վերահաստատումն են։

Լավրովի դիվանագետերենից թարգմանած՝ խորհրդային քարտեզներով սահմանազատումը նշանակում է Արցախի՝ «Ադրբեջանին» պատկանելության ճանաչում։ ՀՀ տարածքով անցնող ճանապարհներին ռեժիմի ներդրումը նշանակում է միջանցքներ ՌԴ ՖՍԲ հսկողությամբ։ Նկատենք, որ «Ադրբեջանով» անցնող ճանապարհների կապակցությամբ նման ռեժիմի մասին խոսք չկա։

Մնացածը, ինչով Լավրովը փաթեթավորել է ասելիքը՝ «ՀՀ տարածքի սուվերենություն, հայ-ադրբեջանական կարգավորում, հաղորդակցությունների ապաշրջափակում» եւ այլն, դիվանագիտական շաղակրատանք է՝ հայ հանրությանը հանգստացնելու համար։ Լավրովը երեւանյան իր ասուլիսում ոչ մի անգամ չի արտաբերել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, չի խոսել ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին։

Այդ մասին խոսում էր ՀՀ ԱԳՆ քաղկոմիսար Արարատ Միրզոյանը՝ Լավրովի անհաղորդ ներկայությամբ, հիշեցնելով Մինսկի խմբի, Քարագլխի խոստումի եւ այլնի մասին։ Բացի այդ, քաղկոմիսարը Լավրովի ներկայությամբ ռեպլիկ նետեց դրսում ցույց անող խորհրդարանի ընդդիմությանը՝ պատրա՞ստ եք հայտարարել, որ չեղարկելու եք եռակողմ հայտարարություննները, եթե համարում եք, որ իշխանության վարած քաղաքականությունը սխալ է։

Իսկ ԱԳՆ-ի առջեւ խորհրդարանի «ընդդիմությունը» նույնպես Լավրովին հիշեցնում էր Արցախի ինքնորոշման եւ այդ հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին, ակնկալելով նաեւ, որ ռուսական զորքը վերջապես կկատարի իր խոստումը Փառուխի վերաբերյալ։ Լավրովին կշտամբում էր Նիկոլի հակառուս թիմի հետ հանդիպելու համար, հորդորում չխաբվել նրա ստացած քվեին՝ նա մանդատ չունի հայ ժողովրդի անունից բանակցելու։ Եվ խոստանում, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը մնալու է Ռուսաստանի դաշնակիցը։

Ահա այսպիսի բաներ։ Ինչ եզրահանգման պիտի գա Լավրովը, որին այս վեհերոտ հիշեցումներն էլ կատարվում են հավատարմության երդումներով ու մատնագրերով՝ հայերը մնում են հարմար նյութ նոր պատերազմի ու զոհաբերության համար, հնարավոր է՝ առաջիկա 2-3 ամիսներին։ Վկա՝ 200-ամյա եղբայրության ընթացքը։ Ավելացնենք՝ եթե այս ընթացքը շարունակվի։

Լավրովը Անկարայից էր ժամանել Երեւան, որտեղ քննարկվել էին Սիրիայի, որի դեմ նոր գործողություն է մտադիր սկսել Թուրքիան, Կովկասի իրավիճակները։

Սկզբնաղբյուր