Չի բացառվում, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Ադրբեջանը փորձի նաև ռազմական սցենարով հասնել․ Տաթևիկ Հայրապետյան

Մանրամասներ

1

Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել։ Այս մասին այսօր MediHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որում նա խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը։

«Բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի մամուլի խոսնակն էր այդ թեմային անդրադարձել և նշել, որ էքստերիտորիալության որևէ սկզբունք որևէ կերպ չի քննարկվել հանդիպման շրջանակներում, այդուհանդերձ, ես ունեմ մտավախությունններ, որ Ադրբեջանը հետագայում, չի բացառվում, որ փորձի նաև ռազմական սցենարով հասնել իր նպատակների իրագործմանը»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ամենից շատ աղմուկ է բարձրացրել Բայրամովի հայտարարության այն հատվածը , որտեղ նշում է՝ իբրև ՀՀ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված կունենա իր օգուտները․

«Այդ մասին իր ելույթներում հաճախ նշում է նաև Ալիևը։ Կարծում եմ, խնդրահարույց է նրա խոսքը նաև «Խաղաղության պայմանագրի» հետ կապված, որտեղ արձանագրել էր, որ դա պետք է կառուցվի, ձևավորվի Ադրբեջանի թելադրած սկզբունքների հիման վրա։

Ալիևը վերջերս նշել էր, որ ամբողջ տրամաբանությունը լինելու է հաղթող և պարտվող պետությունների սկզբունքներով, այսինքն՝ հաղթանակած Ադրբեջան և պարտված Հայաստան, և հարաբերությունները պետք է կառուցվեն այդ տրամաբանության ներքո, հենց այս տրամաբանությամբ էլ իրենք շարունակելու են հասնել խնդրի լուծմանը»,- նշեց ադրբեջանագետը։
Վերջինս մտահոգություն հայտնեց հայկական կողմի պատասխանների, ինչպես նաև՝ առաջարկների վերաբերյալ․

«Ցավոք սրտի, հայկական կողմը հաշվարկներ չի անում առաջարկներ հնչեցնելիս, դրանք գերազանցապես միանձնյա որոշումներ են կամ նեղ շրջանակներում ընդունված որոշումներ, որտեղ անտեսվում է պետական շահը, պարզապես պատեհապաշտ որոշումներ են, որոնք հետո պետությանը հսկայական վնաս են հասցնում, օրինակները շատ են՝ թե՛ հայելային հետքաշման օրինակը, և թե՛ ապրիլի 13-ի հայտարարության մասով՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության, իբրև թե, ճնշումները՝ նշաձող իջեցնելու հարցով, դրանք էապես պետության դեմ հայտարարություններ են, որոնք Ադրբեջանը ճիշտ պահին օգտագործում է»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև ՀՀ-ին առնչվող մի շարք հարցերի։