Ստեփանակերտում ԱԳՆ-ն բաղնիք են դարձրել, թուրքական «Իստամբուլ» ու Բաքվի ռեստորանների մասնաճյուղեր են բացվել, մզկիթ ու Նուրի փաշայի այգի կա․ Google-ը «վերաձևավորել» է Ստեփանակերտը

ՖՈՏՈ

1

«Հրապարակը» գրում է․ Փորձում էի Ստեփանակերտում ինչ-որ բան փնտրել Google maps հավելվածում և զարմանքս ու զայրույթս իրար խառնվեցին, երբ Ստեփանակերտի քարտեզի վրա՝ Հուշահամալիրի ու Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ տեղակայված մզկիթը տեսա։ Որոշեցի ուսումնասիրել Ստեփանակերտի և Արցախի մի բուռ մնացած հատվածն ամբողջությամբ ու քարտեզի վրա գտա զայրանալու ու զարմանալու շատ բաներ։

«Մենք ենք, մեր սարերը» (հայտնի Տատիկ-Պապիկ) հուշարձանն ու հարակից տարածքը ամբողջությամբ վերափոխված է ադրբեջանական անվանումներով։ Հուշարձանի հարակից տարածքը վերանվանված է հայերի ցեղասպանության կազմակերպչի՝ Էնվեր փաշայի եղբոր՝ Նուրի փաշայի անվանմամբ։ Հուշարձանի մոտ կարող ենք նաև տեսնել «Իստամբուլ» անվանմամբ ռեստորան։

Հուշարձանից բարձրանում ենք դեպի քաղաք ու ճանապարհին՝ Ազատության հրապարակին մոտ, հանդիպում ենք թուրքական ռեստորանի, իսկ բուն Ազատության հրապարակը (հայտնի Կոլցեվոյը) վերանվանված է «Խառիբուլբուլի»։ Իսկ ահա Վերածննդի հրապարակի շրջակայքը, այդ թվում՝ Արցախի ԱԺ֊ն ամբողջովին ադրբեջաներենով է գրագրված։ Իսկ Վերածննդի հրապարակի շրջակայքում՝ հայտնի Պյատաչյոկի մոտ հայտնվել է Շուշիի, Բաքվի, Գանձակի հայերի կոտորածների կազմակերպիչ «մուսաֆաթների» հիմնադիր Ռասուլզադեի անվան զբոսայգի։ 

Ստեփանակերտի կենտրոնում հայտնվել են նաև Բաքվի ռեստորանների մասնաճյուղեր։ Ուսումնասիրելով այդ ռեստորաններից մի քանիսը՝ պարզեցի, որ դրանք մասնաճյուղեր են բացել նաև Շուշիում, իսկ կայքերում տեղադրվել են նաև Ստեփանակերտի մասնաճյուղերի մասին տեղեկատվություն։

Ստեփանակերտում շատ խանութներ, սրճարաններ, հյուրանոցներ, ժամանցի վայրեր, գեղեցկության սրահներ արդեն ադրբեջաներեն է ներկայացվում Google-ի քարտեզներում։ Իսկ մյուսների անվանումները պարզապես ջնջված են՝ հավանաբար «ճշգրտման» հերթին են սպասում։

Քարտեզներից ջնջվել են նաև Ստեփանակերտի դպրոցները, ուսումնական հաստատությունները, հիվանդանոցները, պետական հիմնարկները։

Ջնջված է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, Ամարասը, Գանձասարը, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի փողոցների մեծ մասը։ Ի դեպ, Ասկերանի եկեղեցին նույնպես ադրբեջանական տարբերակով է ներկայացված։ Իսկ ահա Ստեփանակերտի փողոցների անվանումների մեծ մասից հեռացվել են օտարալեզու (անգլերեն, ռուսերեն) տարբերակները։

Հավանաբար հաջորդը պետք է սպասենք փողոցների վերանվանմանը, ինչը կբերի արդեն լուրջ բարդությունների՝ չի աշխատի GPS֊ը, տաքսի ծառայություններում դժվարություններ կլինեն, դժվարությունների կհանդիպենք նաև փոստային առաքումներում և այլն։

Google-ի քարտեզների վերանվանման մասին մի անգամ արդեն անդրադարձել ենք հոդվածով։
Բայց այն ինչ այսօր տեսա անցնում են բոլոր սահմանները։ 

Նախ հստակ երևում է, որ Google-ի Ստեփանակերտի «վերաձևավորումը» կրում է ծրագրավորված ու կազմակերպված բնույթ։

Վերոնշվածի ապացույցն այն է, որ օրինակ, եթե սկզբում Արցախի որոշ հաստատությունների՝ Ազգային ժողովի, ԱԳՆ-ի, Արցախի պետական համալսարանի անվանումները պարզապես թարգմանությունն էր հայերենից ադրբեջաներեն, ապա այսօր դրանք «ճշգրտվել են», օրինակ՝ Արցախի պետական համալսարանը դարձրել են «Խանքենդի մանկավարժական ինստիտուտ», ի դեպ, համալսարանը ԼՂԻՄ-ի ժամանակ կոչվում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, իսկ ԱԳՆ֊ի շենքը ընդհանրապես «համամ»՝ այսինքն բաղնիք են դարձրել։
Բացի դրանից, եթե նկատել եք, Google-ի քարտեզներում ադրբեջանցիները բազմիցս փորձել են ադրբեջանական անվանումներ դնել Ստեփանակերտում և նույնիսկ Երևանում, բայց դրանք անմիջապես վերացվել են, իսկ հիմա Ստեփանակերտը համակարգված ձևով վերածվում է ադրբեջանական քաղաքի։

Ուսումնասիրելով խնդիրը՝ կարող ենք տեսնել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Google-ին դեռևս անցած տարի դեկտեմբերին էր նամակ գրել՝ Արցախի հայկական տեղանունները ջնջելու վերաբերյալ, բայց դրանից հետո Google-ի քարտեզները մի քանի անգամ թարմացվել էր առանց որևէ փոփոխության։ Եվ հարց է առաջանում ինչու՞ մայիսի վերջից է սկսվել Ստեփանակերտը վերածվել ադրբեջանական քաղաքի։ Արդյո՞ք, սա որևէ առանչություն ունի մայիսի վերջին Բրյուսելում կայացած հանդիպման և այնտեղ հնչեցված «Ղարաբաղի էթնիկ հայեր» հայտնի հայտարարության հետ։

Տպավորություն է, որ մեր աչքերի առաջ ընթանում է Արցախի հանձնման֊ընդունման գործողություն։ Արդյո՞ք, Google-ը մեզ հուշում է, թե ինչ է սպասվում մեզ մոտ ապագայում։

Այսքանը տեսնեկով՝ արդարացիորեն հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, որի շենքը արդեն վերածվել է «բաղնիքի», արդյո՞ք, չեն տեսնում այս ամենը, ինչու՞ չի դիմում Google-ին ու պարզաբանումներ պահանջում։ Թե՞ ուրիշ բան կա, որի մասին մենք տեղյակ չենք։

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1