Իմ կարծիքով՝ հիմա տեղի է ունենում միջանցքի կռիվ։ Այսինքն՝ հիմա Ռուսաստանին հարկավոր է Հայաստանից ստորագրություն ստանալ՝ համաձայն որի կստեղծվի «Զանգեզուրի միջանցք»՝ ռուսական ФСБ-ի հսկողության տակ, ինչը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապում դա անել, որովհետև, կարող է պարադոքսալ հնչել, բայց այս պահին «Զանգեզուրի միջանցքը»՝ ФСБ-ի հսկողության տակ, Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան Ադրբեջանի։
Ռուսաստանը պատժամիջոցների հետևանքով գնալով ավելի շատ է խրվում տնտեսական ճգնաժամի մեջ, իսկ նման միջանցքը Ռուսաստանի համար խիստ անհրաժեշտ է՝ այդ սանկցիաները շրջանցելու համար։ Այսինքն՝ Թուրքիայի հետ և Թուրքիայից դեպի արտաքին աշխարհ ցամաքային կապ և ապրանքների փոխանակման հնարավորություն։
Բրյուսելի հայտարարության մեջ չի խոսվում Հայաստանի ինքնիշխանության տակ չգտնվող միջանցքի մասին, խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։ Այսինքն՝ այն ճանապարհները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Մեղրիով, լինելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ դա է նյարդայնացնում Մոսկվային։ Հիմա այս կռիվը կոնկրետ այդ մասին է, երեկվա այդ զարհուրելի դեպքերը նպատակ ունեն քաոսային ֆոն ստեղծել, ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ նա դա անի։ Եվ պատահական չէ, որ ընտրվեց երեկվա օրը, երբ Մոսկվայում կայանում էր համատեղ հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում քննարկվում է հենց ճանապարհների ապաշրջափակման հարցը։
Մնացած հարցերը՝ Արցախի կարգավիճակ, սահմանազատում և այլն, դրանք երկար գործընթացն են, բայց հիմա Ռուսաստանին շտապ պետք է լուծել այդ հարցը։ Դրանից հետո չի բացառվում, որ Ռուսաստանն արդեն կհամարի, որ Փաշինյանն իր առաքելությունն ավարտել է, և խոսք կգնա Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին։ Ճիշտ է, Փաշինյանը կրեմլահպատակ է, բայց ենթարկվում է նաև Արևմուտքի ազդեցությանը, և նպատակն է Փաշինյանից հետո իշխանության բերել լրիվ կրեմլահպատակ նախկին ուժերից որևէ մեկին։
Ռուսաստանը շատ շուտով երկաթե վարագույրը փակելու է, իզոլացվելու է և իրեն պետք է, որ դրանից առաջ իր ազդեցության գոտիները, իսկ իրականում գաղութները լրիվ վերահսկելի վիճակում պահի։
Վահե Գասպարյան, Լրագիր․am
0Comments