Պետությունը պետք է ընկալվի որպես զավակ, ում լքելը անբարոյականություն է, ում կերակրելը բոլորի պարտքն է, ում հաջողությունները բոլորիս ամենամեծ պարգևն են․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մանրամասներ
ադեկվադ

Հաշվի առնելով ներկայիս ժողովրդագրական միտումները և գլոբալ միգրացիոն տենդենցները՝ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեղեկատվական քաղաքականությանը: Դրա հետ մեկտեղ ներդնել ծնելիությունը խրախուսող օրենսդրական, հարկային, կենսաթոշակային և գաղափարախոսական հիմքեր: Միջին վիճակագրական զույգը այսօրվա Հայաստանում չի կարող ունենալ ընդամենը 1.3 երեխա և հուսալ, որ պետությունն իր բնական ռեսուրսներից կփոխհատուցի դրանից բխող կենսաթոշակային ճեղքվածքը: Անհրաժեշտ է նաև սատարել այնպիսի հանրույթների ստեղծմանը, որոնք կամավոր հիմքով պատրաստակամ կլինեն օրինակ ծառայել և զսպել պոստ-մոդերնիզմի քայքայիչ ազդեցությունը իրենց հասարակության վրա: Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտել նաև Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը:

Անհրաժեշտ է ներդնել կրթական և առհասարակ դաստիարակչական հիմնական երկու նարատիվներ՝ ձգտել համամարդկային չորս առաքինություններին՝ խոհեմություն, ողջախոհություն, արիություն և արդարություն և քաղաքացիական երեք սկզբունքներին՝ պետություն, պատասխանատվություն, հակազդեցություն: Սկսած մանուկ հասակից քաղաքացիները պետք է դաստիարակվեն, կրթվեն, զարգանան՝ ձգտելով վերոհիշյալ երկու նարատիվներին: Այս նպատակով պետք է շահագործել ոչ միայն բուն ուսումնական հաստատությունները, այլև մշակութային, սպորտային և երիտասարդական միջոցառումների ողջ գործիքակազմը: Գիտական մակարդակով հատուկ շեշտ պետք է դրվի պատմությունը, և մասնավորապես, հայոց պատմությունը օբյեկտիվորեն և համապարփակ լուսաբանելու վրա: Հայոց պատմագիտությունը, իր վերջին 1600 տարվա բոլոր անփառունակ տապալումներով հանդերձ, պետք է հիմք հանդիսանա հայկական քննադատական մտքի զարգացման համար: Պետք է օբյեկտիվ, իրավական և պատմագիտական քննության հիման վրա փակվեն ոչ միայն նախնադարյան մութ էջերը, այլ նաև ՀՀ նորագույն պատմության խնդրահարույց դրվագները, ինչպիսիք են՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, հուլիսի 17-ը, ապրիլի 23-ը:

Արտաքին քաղաքական դոկտրինի հենասյունը պետք է դառնա հարաբերությունների կարգավորումը և զարգացումը՝ ըստ բնական շահերի համադրելիության: Դիվանագիտական ջանքերը պետք է միտվեն առաջին հերթին այն ուղղություններին, որտեղ կա օբյեկտիվ փոխշահավետ համագործակցության հիմք: Հարկավոր է զերծ մնալ ոչ միայն մեր հանդեպ բացահայտ թշնամական վերաբերմունք դրսևորող սուբյեկտների, այլ նաև նրանց աջակիցների ու հովանավորների հետ հարաբերություններ հաստատելուց: Արտաքին քաղաքականության հիմքում` հստակ չափելի ու շոշափելի պետք է ընկած լինի շահը, այլ ոչ եթերային շինծու արժեհամակարգային հեքիաթները:

Վերոհիշյալ բարեփոխումների իրականացման և ենթակառուցվածքների կերտման նպատակով անհրաժեշտ է կոնսոլիդացնել և պաշտպանել ողջ ազգային ռեսուրսային բազան՝ լինի դա բնական ռեսուրս, ֆինանսական կապիտալ, թե սպառման շուկա: Անհրաժեշտ է ներդնել պրոգրեսիվ հարկային մեխանիզմ՝ ֆիզիկական անձանց համար և ռեգրեսիվ մեխանիզմ իրավաբանական անձանց համար: Հիմնարկների խոշորացումը պետք է խրախուսվի ոչ միայն հարկային արտոնություններով, այլ նաև պրոտեկցիայով՝ թե՛ ներմուծման դեմ և թե՛ արտահանման համար: Ներմուծումը փոխարինելով տեղական արտադրանքով՝ անհրաժեշտ է նաև զսպել սպառողականությունը, խրախուսել խնայողությունները և կապիտալ ներդրումները: Ուսման վարձը պետք է ծախսերից կնունքի ու ծնունդի քեֆի ծախսից, ինքնազարգացմանն ուղղված ներդրումները պետք է գերադասվեն նոր հեռախոսի կամ հագուստի ծախսերից: Անհրաժեշտ է վերականգնել շքեղության հարկումը, առնվազն մինչև աղքատության մակարդակը չիջնի 10%-ի: Պետությունը պետք է վերահսկի ոչ միայն սեփական թերարժեքության բարդույթները շքեղությամբ քողարկող անձանց քայքայիչ ազդեցությունը, այլ նաև վնասակար սովորությունների շահագործումը: Ալկոհոլի, ծխախոտի ու շահումով խաղերի շուկաներում գոյացած շահույթը պետք է լիարժեքորեն վերահսկվի պետության կողմից:

Այս և բազմաթիվ այլ բարեփոխումներ հնարավոր կլինի իրականացնել միայն ամուր հիմքերի վրա կառուցված պետականություն ունենալու դեպքում: Անհրաժեշտ է բացառել օտարերկրյա գործակալների ազդեցությունն իշխանության բոլոր չորս ճյուղերի վրա: Պետք է բացառել նաև մարդու իրավունքների կեղծ դիսկուրսի առաջխաղացումը, ինչպես նաև կոլեկտիվ բարեկեցությունից և այդ բարեկեցության հիմնական երաշխիք հանդիսացող պետությունից անհատին ավելի վեր դասելը: Մարդկանց չեն համահարթեցնելու` պնդելով, թե նրանք հավասար են: Հավասար կարող են լինել միայն կենդանիները, որոնք հավասար լինելուց զատ նաև չունեն ազգություն, կրոն, ընտանիք, անցյալ ու... ապագա:

Պետությունը պետք է դադարի ընկալվել որպես ծնող կամ հայրենիք, այլ պետք է ընկալվի որպես զավակ: Իր բոլոր քաղաքացիների զավակ, ում լքելը անբարոյականություն է, ում կերակրելը բոլորի պարտքն է, ում հաջողությունները բոլորիս ամենամեծ պարգևն են: Այս պետությունում իշխանությանն է պատկանելու ոչ միայն բռնություն կիրառելու մենաշնորհը, այլ նաև դրա կիրառման սպառնալիքի մենաշնորհը: Այս պետությունում որոշում կայացնելու մեխանիզմը չի փոփոխվելու անկախ նրանից, թե քանի հոգի է դա պահանջում փողոցներում, սոցցանցերում և այլուր: Սա լինելու է արժանի մարդկանց պետություն, և պետությունը մարդկանց փոխհատուցելու է ըստ արժանիքների՝ սկսած ձայնի իրավունքից, վերջացրած թոշակով և հուղարկավորման վայրով: Այս պետությունում անբարոյականության համար սահմանված պատիժը լինելու է արդար, ծանր և անխուսափելի: Արդարադատության դեմ ցանկացած ոտնձգություն` լինի դա ֆիզիկական, տեղեկատվական թե քաղաքական, համարվելու է ոտնձգություն պետության դեմ:

Սա է կուռ և ունիտար հասարակություն և պետություն ստեղծելու, մեր կորսված 21-րդ դարը վերականգնելու ճանապարհը: Գերտերությունների ճանապարհին ընկած այս քարը նրանք չպիտի կարողանան անտեսել: Մեզ հետ պիտի հաշվի նստեն ոչ նրա համար, որ մենք հնազանդորեն կատարում ենք հրահանգները, այլ որովհետև չենք կատարում ու մարսում ենք...

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 8

Մաս 1

Մաս 2,

Մաս 3,

Մաս 4,

Մաս 5,

Մաս 6

Մաս 7