Ադրբեջանի պահանջով ՀՀ ԶՈՒ-ն չի բարեփոխվում, չունենք Գլխավոր շտաբի պետ․ Ստեփան Դանիելյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ադրբեջանի պահանջով Հայաստանի Զինված ուժերում որևէ բարեփոխում տեղի չի ունենում, չունենք նաև Գլխավոր շտաբի պետ, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է, որ հայկական բանակը չբարեփոխվի, նաև հայտարարեց, որ ռուսական զենքերը չպետք է մտնեն Հայաստան, և տեսանք, որ Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է զենքի վաճառքը Հայաստանին։ Այսինքն՝ Ադրբեջանը թելադրում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, և Հայաստանը ենթարկվում է։ Սակայն Հայաստանի իշխանությունները փորձում են ձգձգել»,– ասաց նա՝ հավելելով, որ դրա համար երկու պատճառ կա։

Առաջինը, ըստ քաղաքագետի՝ Ուկրաինայում պատերազմն է, որտեղ կարծես նախադրյալներ կան, որ առաջիկա երկու ամսում ինչ–որ հանգուցալուծում կլինի։ Բացի դրանից, ըստ նրա՝ եթե Ռուսաստանը Ուկրաինայի հարցում Արևմուտքի հետ պայմանավորվածությունների գնա, ապա դրանք ավելի ընդարձակ կլինեն և կներառեն նաև Կովկասը, ինչպես նաև այլ տարածաշրջաններ։

«Այսինքն՝ Արևմուտքը և Ռուսաստանը կփորձեն ժամանակավորապես ինչ–որ պայմանավորվածությունների գալ, և Հայաստանի իշխանությունները երևի սպասում են, որ այդ պայմանավորվածությունների ժամանակ այստեղ ինչ–որ հանգուցալուծում լինի [Արցախի հարցում – խմբ․]»,- ասաց նա։

Խոսելով հնարավոր հանգուցալուծման մասին՝ նա նշեց, որ Արցախի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև արդեն հակամարտություն կա․ Եվրոպական միությունը փորձում է իր օրակարգը թելադրել այս հարցում, իսկ Ռուսաստանը՝ իր։ Ըստ նրա՝ որպեսզի այս հարցը լուծվի Արևմուտքին պետք է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ռուսական խաղաղապահ առաքելությունն այստեղ մնալու պատճառ այլևս չունենա և լքի Հարավային Կովկասը, իսկ Արևմուտքը Կովկասի միջոցով ներթափանցի Միջին Ասիա։

Քաղաքագետի խոսքով՝ երկրորդ խնդիրը, որ Արևմուտքը ցանկանում է լուծել, տարածաշրջանում էներգակիրների վրա ազդեցություն ձեռք բերելու միջոցով թուլացնի Ռուսաստանի էներգետիկ լծակները։

«Ըստ Արևմուտքի ծրագրի՝ Արցախում հայեր չպետք է մնան։ Բնականաբար հայերը կլքեն։ Արևմուտքը նպատակաուղղված այդ քաղաքականությունն է տանում։ Ռուսաստանը՝ ճիշտ հակառակը․ իրեն պետք է, որ այս հարցը մնա օդում կախված, որպեսզի հիմք ունենա իր զորքերը այստեղ պահելու»,– ասաց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե հետևենք, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ինչ են խոսում ԵՄ–ի ղեկավարության հետ և այդ ընթացքում ինչ հայտարարություններ է անում Ռուսաստանը, ապա պարզ կդառնա, որ Ռուսաստանի օրակարգում ճանապարհներն են, քանի որ Ռուսաստանին առաջին հերթին պետք է Պարսից ծոց դուրս գալ, որովհետև իրեն Եվրոպայից դուրս են մղում, և պետք է փորձի այդ ճանապարհի միջոցով առևտուր անել Հնդկաստանի, Չինաստանի հետ։ Մինչդեռ Արևմուտքին հարկավոր է, որ այս ճանապարհը չբացվի, և Ռուսաստանի համար հնարավորինս շատ խնդիրներ առաջանան։

«Ռուսաստանը ճանապարհների հարցն է դնում, նշում է, որ պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, սակայն ոչ մի խոսք հաշտության պայմանագրի մասին, որով ենթադրվում է, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ամեն անգամ իրենք հայտարարում են, որ եթե նման հարց լինի, ապա դա պետք է լինի հետագայում։ Եվ Հայաստանի իշխանությունները հիմա այս ճնշման տակ են, և ամենամեծ ճնշումը գալիս է Արևմուտքից։ Արևմուտքից շատ լուրջ խոստումներ են տալիս և՛ ներդրումների, և՛ ֆինանսական, և՛ դրամաշնորհների։ Այս պայքարը գնալով ավելի է սրվում»,– նշեց Ստեփան Դանիելյանը։