Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաճարակ, որը հնարավոր է միտումնավոր տարածել

Մանրամասներ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ մարդկությունը կարող է ակնկալել նոր համաճարակ առաջիկա 20 տարում 50% հավանականությամբ։ Այս կարծիքը նա հայտնել է իսպանական El Diario թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Այն կարող է առաջանալ մի վիրուսից, որի մասին մենք արդեն գիտենք: Դա կարող է լինել գրիպի տեսակ, այլ տեսակի կորոնավիրուս: Այս գիտելիքները գոնե մեզ թույլ կտա հասկանալ, թե ինչպես կարելի է արագ բուժել և պատվաստանյութ ստանալ։ Բայց այդ համաճարակը կարող է լինել մեկ այլ բան: Դա կարող է լինել մարդու ստեղծած վիրուս, կենսաահաբեկիչ, որը մշակել է այն և միտումնավոր տարածել: Սա շատ սարսափելի սցենար է, քանի որ նրանք կարող են փորձել տարածել այն միևնույն ժամանակ տարբեր վայրերում։ Երկրի վրա բնակչությունն աճում է, և մենք ներխուժում ենք նոր էկոհամակարգեր: Այդ իսկ պատճառով ես հաշվարկեցի, որ 50 տոկոս հավանականություն կա, որ առաջիկա 20 տարում մենք կունենանք բնական համաճարակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով»,- ասել է նա:

Համաճարակների դեմ պայքարելու համար ձեռնարկատերն առաջարկում է ստեղծել համաճարակային արձագանքման և մոբիլիզացման գլոբալ թիմ, որը նա համեմատում է հրշեջների հետ։

«Այն, ինչ ես առաջարկում եմ, կպահանջի Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջեի 25 տոկոս աճ, և դրանով մենք կունենանք մոտ 3000 հոգուց բաղկացած թիմ՝ տարբեր պրոֆիլներով», – ավելացրել է նա: