Ի՞նչ հետևանք կունենա Երևանի պոլիկլինիկաների միավորումը

Մանրամասներ

1

Առաջիկա երեք տարիներին քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները կվերակազմակերպվեն՝ միանալով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը, «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը և «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որքանո՞վ արդյունավետ կլինեն այս միավորումները, առողջապահական համակարգը կօգտվի՞, թե՞ կտուժի նշված օպտիմալացման արդյունքում։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

«Նախ շատ կարևոր է, որ օպտիմալացումը արվի մեկ միասնական ռազմավարական ծրջագրի շրջանակում, այսինքն՝ պետք է լինի մշակված ծրագիր։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ կան, ինչո՞ւ են օպտիմալացվում պոլիկլինիկաները, ի՞նչ խնդիրներ են լուծելու, ինչպե՞ս են բարելավելու մարդկանց տրամադրվող բուժօգնությունը»,- նշեց մասնագետը։

Ըստ Մելիք-Նուբարյանի՝ առողջապահական համակարգի նպատակը չպետք է լինի աշխատատեղերի գեներացումը, կամ ֆինանսական աղբյուրների ստեղծումը, պետք է նպատակը հստակ դրված լինի՝ աշխատել մարդկանց առողջության համար։ Նրա խոսքով՝ հիմա դժվար է ասել, վերջին նշված նպատակի՞ն է ծառայելու այս օպտիմալացումը, թե՞՝ ոչ։

«Քանի ծրագիրը չենք տեսել, դժվար է գնահատական տալ, թե այդ օպտիմալացումը ինչի համար է արվում։ Ինչ ենք հիմա լսում՝ հիմնականում առաջնահերթություն է սահմանվում ինչ-որ անհասկանալի ֆինանսական տնտեսումը։ Այսինքն՝ հիմնականում ոչ առողջապահական հիմքեր են ներկայացնում»,- նկատեց Դավիք Մելիք-Նուբարյանը։

Դիտարկմանը, որ քաղաքապետարանը որպես հիմնավորում նշում է, թե նպատակ կա ստեղծելու խառը տիպի՝ բոլոր հիվանդներին սպասարկող պոլիկլինիկաներ, առողջապահական ոլորտի փորձագետն արձագանքեց՝ ասելով, որ քանի մանրամասն ներկայացված չէ ծրագիրը, թե ինչ բաժանմունքների, ինչ մասնագետների մասին է խոսքը, հստակ գնահատական տալը բարդ կլինի։ «Մեր պոլիկլինիկական համակարգը շատ լուրջ խնդիրներ ունի։

Մեր առաջնահերթ խնդիրը սարքավորումը չէ, մենք արդեն հինգ տարի է՝ պոլիկլինիկաների առանցքային մասնագետների թվի նահանջ ունենք ամբողջ երկրում։ Թերապևտների, մանկաբույժների ու ընտանեկան բժիշկների թիվն անընդհատ նվազում է։ Իսկ այդ հարցի մասին խոսո՞ւմ են։ Դրա համար, քանի դեռ չկա ամբողջական փաստաթուղթ, դժվար է օբյեկտիվ գնահատական տալ»,- ասաց մասնագետը։

Մելիք-Նուբարյանի դիտարկմամբ՝ այն հիմնական նպատակները, որ մատնանշվում են քաղաքապետարանի կողմից, ավելի շատ տնտեսական, ֆինանսական հարցերին են վերաբերում։

«Երևանում համայնքին ենթակա 24 պոլիկլինիկա կա, և միավորումն, ինքնին, վատ բան չէ։ Բայց միավորումը պետք է լինի ոչ թե ֆիզիկական, այլ վարչական հիմքով։ Տեսեք, 2016 թվականին պոլիկլինիկական բյուջետային ծրագրի մանրամասն ուսումնասիրություն է եղել, և պարզվել է, որ պոլիկլինիկաներից հիմնականում օգտվում են տարեցներն ու երեխաները։ Դրա համար ֆիզիկական մատչելիության պահպանումն այստեղ առանցքային նշանակություն ունի»,- նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Նա նկատեց՝ Երևանում մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը մեկ բնակիչը տարվա մեջ չորս անգամ է դիմել պոլիկլինիկա, մինչդեռ եվրոպական երկրներում այս թիվը յոթ և ավելի է։

«Հիմա եթե ֆիզիկական մատչելիություն չլինի, դիմողների թիվը կարող է էլ ավելի կրճատվել։ Այստեղ լուրջ վերլուծություն է պետք»,- եզրափակեց խոսքը Դաբիթ Մելիք-Նուբարյանը։