Դա պետք է տագնապալի լինի բոլորիս համար. ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանի ու Չինաստանի մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Միջազգային կարգի հիմքերը բախվել են լուրջ և երկարաժամկետ մարտահրավերի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը իրական սպառնալիք են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում ելույթ ունենալով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին։

Բլինքենը նշել է, որ երեք ամիս առաջ լայնածավալ ներխուժելով Ուկրաինա՝ Պուտինը խախտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և կոչված են պաշտպանելու բոլոր երկրները նվաճումներից կամ հարկադրանքից։ «Այդ պատճառով շատ երկրներ միավորվել են՝ դիմակայելու այս ագրեսիային, քանի որ նրանք դա դիտարկում են որպես ուղղակի հարձակում սեփական խաղաղության և անվտանգության հիմքերի վրա»,- ասել է Բլինկենը։

Նա նշել է, որ Ուկրաինան շարունակում է խիզախորեն պայքարել իր ժողովրդին և իր անկախությունը պաշտպանելու համար, և դրա համար աննախադեպ օգնություն է ստանում ԱՄՆ-ից և աշխարհի տարբեր երկրներից։

«Ու թեեւ պատերազմը դեռ շարունակվում է, նախագահ Պուտինը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներից որևէ մեկին: Ուկրաինայի անկախությունը կործանելու փոխարեն նա ամրապնդեց այն, ՆԱՏՕ-ն բաժանելու փոխարեն՝ միավորեց այն: Ռուսաստանի ուժը վերահաստատելու փոխարեն՝ նա խարխլեց այն։Եվ միջազգային կարգը թուլացնելու փոխարեն՝ նա միավորեց երկրներին՝ պաշտպանելու համար», ասել է Բլինկենը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է կենտրոնացած մնալ «միջազգային կարգի ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերի» վրա, որը Չինաստանն է։

«Չինաստանը միակ երկիրն է, որը մտադիր է փոխել միջազգային կարգը և դրա համար ունի աճող տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ: Պեկինի տեսլականը մեզ կհեռացնի համամարդկային արժեքներից, որոնք անցյալ 75 տարիներին նպաստել են աշխարհի մեծ առաջընթացին»,- ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ Չինաստանը նաև գլոբալ տնտեսության և համաշխարհային խնդիրները լուծելու ունակության անբաժանելի մասն է՝ սկսած կլիմայի փոփոխությունից մինչև համաճարակի դեմ պայքար։ «Պարզ ասած, ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է մոտ ապագայում գործ ունենան միմյանց հետ: Ահա թե ինչու սա ամենաբարդ և իմաստալից հարաբերություններից մեկն է, որը մենք ունենք այսօր աշխարհում», ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ձգտում հակամարտության կամ նոր սառը պատերազմի, այլ ավելի շուտ ցանկանում է խուսափել երկուսից էլ։ Նմանապես, ԱՄՆ-ն չի ձգտում արգելափակել Չինաստանի դերը որպես մեծ տերություն կամ կասեցնել նրա տնտեսական զարգացումը:

Այնուամենայնիվ, Բլինքենը ափսոսանք է հայտնել, որ չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, Պեկինը շարունակում է Մոսկվայի հետ իր բարեկամությունը «անսահման» անվանել։ «Պեկինի աջակցությունը նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը ոչնչացնելու և Եվրոպայում ազդեցության գոտի ապահովելու քաղաքականությանը, պետք է տագնապալի լինի բոլորիս համար, ովքեր Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն անվանում են իրենց տունը», – ասել է Բլինքենը: