ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ կսկսվեն. ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին

Մանրամասներ

Այս շաբաթ Տոկիոյում կայացած Քառյակի հանդիպման ժամանակ Ճապոնիայի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները հանդես եկան «Թայվանում ստատուս քվոն» փոփոխելու Չինաստանի կողմից որեւէ քայլ իրականացնելու դեմ հայտարարությամբ, գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մի քայլ առաջ գնաց՝ ասելով, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի ռազմական միջամտության՝ պաշտպանելու Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա գործող կղզու:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն էլ ավելի ուշ հայտարարեց. «Ինչպես նախագահից լսեցիք, մեր քաղաքականությունը Թայվանի նկատմամբ ընդհանրապես չի փոխվել։ Մենք հավատարիմ ենք մնում Թայվանի նեղուցի երկայնքով խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն և ապահովելու ենք, որ ստատուս քվոյի միակողմանի փոփոխություն տեղի չունենա»:

ԱՄՆ-ի նախագահի խոսքերից հետո ասիական մայրցամաքի առաջնորդները, այդ թվում Պեկինում հավանաբար ուշադիր կլսեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթը Չինաստանի մասին:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Բայդենին մեղադրել է Պեկինի «Մեկ Չինաստան» սկզբունքը խախտելու մեջ: Հիշեցնենք, որ այդ սկզբունքը նկատի ունի այն, որ Թայվանը Չինաստանի անբաժան մաս է:

Բրայըն Հարդինգը ‘’Skype’’-ի միջոցով ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում ասում է. «Եթե Թայվանի դեմ ուղղակի ագրեսիա լինի, ինչպիսին մենք հիմա տեսնում ենք Ուկրաինայում, կարծում եմ, որ այդ սպառնալիքի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ կսկսվեն: Կարծում եմ, ուշագրավ է նաև, որ նախագահ Բայդենն այս մեկնաբանություններն արեց Ճապոնիայում: Ճապոնիան նկատելի տեղաշարժ է կատարել՝ հրապարակայնորեն հայտարարելով, որ իր անվտանգությունը սերտորեն կապված է Թայվանում և Թայվանի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունների հետ», ասում է վերլուծաբանը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Թայվանի զինված ուժերն անցյալ ամիս առցանց մամուլի ասուլիսում հայտարարել են, որ հրապարակել են ձեռնարկ քաղաքացիական անձանց համար այն մասին, թե ինչպես պետք է պատրաստվեն Չինաստանի կողմից հնարավոր ներխուժմանը: