Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են. Միրզոյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին մի քանի ուղղություններ կան, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 Ինչ վերաբերում է սահմանազատում–սահմանագծում քայլերին, ապա Արարատ Միրզոյանն ասաց, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, նկատի ունենալով երկու երկրների փոխվարչապետերի հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունը՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ 

«Մյուս ուղղությունը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է,  այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են» , - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա միջանցքն այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ Ադրբեջանը, հայկական կողմի համար անընդունելի է։

«Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»  - ասաց նա։