Բայդենը գաղտնի պատմական համաձայնագիր է նախապատրաստում Մերձավոր Արևելքի համար. Axios

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հարցերով նրա օգնական Բրեթ Մաքգրեկը, գաղտնի պատմական համաձայնագիր է պատրաստում Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև։ Այս մասին, ըստ Թերթի, Axios պորտալին հայտնի է դարձել ամերիկյան և իսրայելական աղբյուրներից։

Պորտալի զրուցակիցների փոխանցմամբ՝ խոսքը Կարմիր ծովում երկու կղզիների՝ Տիրանի և Սանաֆիրի վերաբերյալ համաձայնագրի մասին է։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք անմարդաբնակ են և զբաղեցնում են ընդամենը 77 և համապատասխանաբար 33 քառակուսի կիլոմետր տարածք, այդ կղզիները ռազմավարական մեծ նշանակություն ունեն, քանի որ իրականում վերահսկում են մուտքն Ակաբայի ծոց, որտեղ գտնվում է Իսրայելի Էյլաթ նավահանգստային քաղաքը: 

Իսրայելի հիմնադրումից ի վեր՝ 1948 թվականին, Տիրանն ու Սանաֆիրը, որոնք մինչ այդ պատկանում էին Սաուդյան Արաբիային, մի քանի անգամ փոխել են իրենց տերերին։ Այսպիսով, 1949 թվականին եգիպտական ուժերը Էր Ռիադի խնդրանքով զբաղեցրել են երկու կղզիները, քանի որ այն ժամանակ Սաուդյան Արաբիան չուներ սեփական նավատորմ։ Այնուհետև 1956 և 1967 թվականներին Իսրայելը գրավել է այդ տարածքները՝ փորձելով ապահովել Էյլաթի անվտանգությունը, սակայն երկու անգամ էլ դրանք վերադարձրել է Եգիպտոսին՝ երկրների միջև կնքված խաղաղության համաձայնագրերի արդյունքում։

1988 թվականին Սաուդյան Արաբիան, կարողանալով  ստեղծել սեփական նավատորմ, պաշտոնական միջնորդություն է ներկայացրել Տիրանն ու Սանաֆիրն իրեն վերադարձնելու համար։ 2016 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Էլ Սիսին ցանկություն է հայտնել կղզիները փոխանցել սաուդյան կողմին։ Արդյունքում, չնայած եգիպտական ընդդիմության դիմադրությանը, 2018 թվականին այս համաձայնագիրը հավանության է արժանացել Եգիպտոսի Գերագույն դատարանի կողմից։ Միաժամանակ, Իսրայելը պատրաստակամություն է հայտնել ընդունել կղզիների փոխանցումը, եթե այնտեղ տեղակայվեն միջազգային ուժեր՝ ապահովելու իսրայելական նավերի անցման անվտանգությունը ծովածոց, սակայն ի վերջո փաստաթուղթն այդպես էլ չի վավերացվել։

Ինչպես նշում է Axios-ը, այժմ Բայդենի թիմը փորձում է Իսրայելին և Սաուդյան Արաբիային համաձայնության բերել կղզիների հարցում, ինչը խոչընդոտ է երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կնքելու ճանապարհին։ Հայտնի է, որ Էր Ռիադը պատրաստ է հրաժարվել Տիրանում և Սանաֆիրում իր զինուժի տեղակայումից և տարածքում ազատ նավարկություն ապահովել բոլոր երկրների համար, սակայն դեմ է կղզիներում միջազգային դիտորդների ներկայությանը։ Իր հերթին Իսրայելը հայտարարել է, որ չի պնդի վիճելի կղզիներում միջազգային ուժերի տեղակայումը, եթե այլընտրանքային միջոցներ ձեռնարկվեն՝ երաշխավորելու Էյլաթի և իսրայելական նավերի անվտանգությունը։ Բացի այդ, իսրայելական իշխանությունները հույս ունեն, որ սաուդյան կողմը մի շարք զիջումների կգնա այլ հարցերում. մասնավորապես, թույլ կտա իսրայելական ինքնաթիռներին թռչել իր տարածքով և թույլ կտա ուղիղ թռիչքներ իրականացնել Իսրայելից, որպեսզի այնտեղ ապրող մուսուլմանները կարողանան ուխտագնացությունների գնալ դեպի Սաուդյան Արաբիա:

Նշվում է, որ Բայդենն ակնկալում է, որ այս համաձայնագիրը կկնքվի մինչև հունիսին նախատեսված իր մերձավորարևելյան այցը։ Եթե փաստաթուղթն իսկապես ստորագրվի, ապա սա մեծ հաջողություն կլինի Սպիտակ տան համար և ամենամեծ գործարքը տարածաշրջանում վերջին երկու տարվա ընթացքում, գրում է Axios-ը։