Չինաստանը թույլ չի տա․ Մի՛ թերագնահատեք մեր հնարավորությունները. Նախազգուշացում՝ Բայդենի հայտարարությունից հետո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Չինաստանը թույլ չի տա աշխարհի ոչ մի երկրի միջամտել իր ներքին քաղաքականությանը, որը ներառում է Թայվանի հարցը։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թայվանը չինական տարածք է, Թայվանի հարցը պատկանում է Չինաստանի ներքին քաղաքականությանը, մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր որևէ կերպ միջամտի Չինաստանի ներքին գործերին»,- ասել է նա։

Վենբինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի թերագնահատել Չինաստանի վճռականությունն ու հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Մենք կրկնում ենք մեր կոչը Միացյալ Նահանգներին՝ պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները: Չպետք է թերագնահատել չինացի ժողովրդի հաստատակամությունը, միաձայնությունը և հզոր կարողությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հավելել է չինացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանությանը, եթե այդ երկիրը ներխուժման ենթարկվի։

«Այո, սա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե անհրաժեշտություն առաջանա։

Բայդենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, սակայն ընդգծել է, որ կղզու կարգավիճակը ուժով փոխելու գաղափարը լիովին անտեղի է։

Չինաստանի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ քաղաքացիական պատերազմում Չիանգ Կայ շեկի գլխավորած ուժերը տեղափոխվել են կղզի: Պեկինը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը և բացասական է վերաբերվում Թայվանի հետ այլ երկրների շփումներին՝ պնդելով «մեկ Չինաստանի քաղաքականությունը»։ Դա ենթադրում է, որ Թայվանը չինական տարածքի անբաժանելի մասն է, և որ ՉԺՀ իշխանությունները միակ օրինական կառավարությունն են: