Ռուսաստանը բանակցում է երկրից հեռացող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու վերաբերյալ

Մանրամասներ

Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են բանակցությունների նոր փուլ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից դուրս եկող ապրանքանիշերի փոխարինման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն, գրում է Hürriyet թերթը։

«Մենք մտնում ենք բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանից հեռացող ապրանքանիշերը թուրքական ապրանքանիշերով փոխարինելու համար։ Մենք կանխատեսում ենք, որ այս աշնանը Ռուսաստանի Դաշնությունում մանրածախ առևտրի ոլորտում թափուր կմնա 3 միլիոն քառակուսի մետր, որը հավասար է 420 ֆուտբոլի դաշտի։ Մենք թուրքական ապրանքանիշերին, որոնք դեռ Ռուսաստանում ներկայացված չեն, հնարավորություն ենք տալիս ծանոթանալ լավագույն առևտրի կենտրոններին՝ սկսած Մոսկվայից։

Մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի թուրքական ընկերությունները երկար մնան Ռուսաստանում և շահութաբեր ներդրումներ կատարեն»,- ասել է Մոսկալենկոն։