Հիմնական հրահանգողը Հայկ Բաբայանն է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը եւ Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ներկա են եղել նաեւ փոխոստիկանապետերը, որոշ վարչությունների պետեր։

Մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանն ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցադրել, ասել է, որ որոշ ոստիկանների անմարդկային վերաբերմունքն իր համար անսպասելի է եղել, ինքն անձամբ կոշտ միջոցներով բերման ենթարկելու հրահանգ չի տվել, որ տիրապետում է իրավիճակին եւ առաջին օրից ամեն ինչ արել է, որ խուսափեն բախումներից։ Մնացած խոստումների, մի ոստիկանի աշխատանքը կասեցնելու մասին ընդդիմադիրներն իրենք պատմել են արդեն։

Մենք տեղեկացանք, որ իրականում ցուցարարների նկատմամբ կոշտ պահվածքի հրահանգը ոչ թե անձամբ Ղազարյանն է իջեցնում, այլ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը, որն այդ պաշտոնում հայտնվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հովանավորությամբ՝ 2020-ի նոյեմբերին։ Բաբայանի ենթակայության տակ գործող սեւ եւ կարմիր բերետավորները կատարում են հրամանատարի՝ առաջին դեմքից ստացած հրահանգները։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ այդ պատճառով լարվել են ոստիկանապետի եւ Բաբայանի հարաբերությունները։ Ոստիկանապետը հասկանում է, որ կուժն ու կուլան իր գլխին են կոտրվելու։

Ի դեպ, ընդդիմադիրների երեկվա հրճվանքը, թե նախօրեի հանդիպումը տվել է արդյունքը, եւ երեկ արդեն ոստիկանները մեղմ էին պահում իրենց, արդարացված չէ, որովհետեւ ընդդիմադիրները երեկ հիմնականում երթ էին անում` փողոց չէին փակում: Իսկ նախորդ օրն այնքան էին «պերեբոր» արել, որ Վահե Ղազարյանն անձամբ է զանգել Արծվիկ Մինասյանին եւ ներողություն խնդրել ոստիկանների անհարգալից վերաբերմունքի համար»: