Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղեկացրել է, որ «ո՛չ» է ասելու դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ չի հրաժարվում նախկին որոշումից և դեմ է լինելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելուն, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք չենք ուզում նույն սխալը երկու անգամ անել: Ուստի մենք վճռականորեն շարունակելու ենք մեր քաղաքականությունն այս առումով։ Մենք մեր գործընկերներին ասել ենք, որ «ո՛չ» ենք ասելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը նույն ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:

Նա խորհուրդ է տվել սկանդինավյան երկրների ներկայացուցիչներին, որոնք մոտ ապագայում պատրաստվում են այցելել Անկարա, որպեսզի համոզեն Թուրքիային ընդունել իրենց Հյուսիսատլանտյան դաշինք, նեղություն չքաշել ու Անկարա չգալ: