ԵԱՏՄ բյուջեից Հայաստանին չի փոխանցվել մոտ 10 մլրդ դրամ, կաթսան փոքրանում է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստանին չի փոխանցվել մոտ 10 մլրդ դրամ մաքսատուրք։ Այս մասին լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Դեռ այդ գումարը չի վճարվել, բայց կվճարվի։ Անդամ երկրները որոշակի մեխանիզմների շուրջ քննարկումներ են ունեցել, և ղեկավարների մակարդակով վերջնական պետք է հաստատվի։ Վերջնական թիվը այդքան էլ պարզ չէ, որովհետև ընդհանուր առմամբ տնտեսական տարբեր իրավիճակներով պայմանավորված՝ ընդհանուր կաթսայի եկամուտներն են նվազել։ Հայաստանի մասնաբաժինը մարտ-ապրիլ ամսվա արդյունքներով մոտ 10 մլրդ դրամի շրջանակում է»,- ասաց Բադասյանը։

Անդրադառնալով հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ մասնաբաժին գումարը չի փոխանցվել, ՊԵԿ նախագահն ասաց․ «Ոչ թե գումար չկա, որ փոխանցվի, այլ անդամ երկրները գումարի փոխանցման մեխանիզմների շուրջ պետք է որոշակի վերաբերմունք ձևավորեին, որն ընթացքում է։ Եվ այդ վերաբերմունքը ձևավորելուց հետո փոխանցումներն անպայման կլինեն»։

Ըստ Բադասյանի՝ քանի որ տնտեսական ճգնաժամային իրավիճակով պայմանավորված լրացուցիչ ռիսկեր ու փոխարժեքի հետ կապված խնդիրներ են առաջացել, տարբեր անդամ երկրներ տարբեր մոտեցումներ ունեն։ «Բայց կարծում եմ, որ սուր խնդիր չկա, և այդ հարցը պետք է որ այս ամիս կարգավորվի»,- հավելեց նա։