Բարդ հարց է․ Մհեր Գրիգորյանը՝ Գորիս-Կապան մայրուղին ՀՀ քաղաքացիների կողմից շահագործելու հարցի մասին

Մանրամասներ

1

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մենք հարցեր էինք ուղղել՝ կապված տրանսպորտային ուղիների եւ կոմունիկացիաների հարցերով ստեղծված աշխատանքային խմբի հետ։ Մասնավորապես՝ Գորիս-Կապան մայրուղին վերստին շահագործելու, ինչպես նաեւ վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ 

- Պարոն Գրիգորյան, ե՞րբ է վերջին անգամ տեղի ունեցել փոխվարչապետների մակարդակով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը։

- Եռակողմ աշխատանքային խմբի փոխվարչապետների մակարդակով վերջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 1-ին: Ինչ վերաբերում է փորձագիտական մակարդակով աշխատանքներին, դրանք ընթացել են եւ ընթանում են:

- Ի՞նչ արդյունքներ են գրանցվել այդ նիստին, ո՞ւր եք հասել, ի՞նչ նորություն կարող եք հաղորդել։ Արդյոք կա՞ փոխըմբռնում Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանը խնդիրներ հարուցո՞ւմ է կամ մեզ համար անընդունելի պայմաններ առաջադրո՞ւմ է։

- Ինչ խոսք, տարբեր հարցերի շուրջ կան տարաձայնություններ, բայց պետք է ասել նաեւ, որ զգալի աշխատանքներ են տարվել փորձագիտական մակարդակով, ուսումնասիրվել են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական եւ ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային եւ մաքսային կարգավորումների հնարավոր լուծումները: Ի վերջո, Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման հետ կապված փոխըմբռնում կա:

- Արդյոք հայկական կողմն առաջ քաշո՞ւմ է Գորիս-Կապան մայրուղին վերստին ՀՀ քաղաքացիների կողմից կամ գոնե երկուստեք շահագործելու հարցը։

- Սա ավելի բարդ հարց է, եւ մենք այն չենք կարող քննարկել զուտ կոմունիկացիաների ապաշրջափակման տեսանկյունից:

- Խնդրում եմ մեկնաբանել այն տեղեկությունը, թե վերջին հանդիպումների ժամանակ ՌԴ իշխանությունների, մասնավորապես՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից բարձրացվել է այն հարցը, որ պետք է առաջնահերթ լուծվի Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցը՝ անկախ քննարկվող կամ ստորագրվելիք մյուս փաստաթղթերից, քանի որ Ադրբեջանն այս հարցում շտապողականություն է ցուցաբերում։

- Մեր համագործակցության ողջ ընթացքում ՌԴ փոխվարչապետ պարոն Ա. Օվերչուկի կողմից նման տիպի հարցադրումներ կամ նման բովանդակության հարցեր երբեւէ չեն բարձրացվել:

ՀԳ․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին այլ հարցեր էլ էինք ուղղել՝ կապված սահմանազատման հարցերով նոր ձեւավորվելիք հանձնաժողովի կազմի, դրանում իր՝ որպես փոխվարչապետի, հավանական ներգրավվածության, ինչպես նաեւ Տավուշի մարզի յոթ գյուղերի եւ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի՝ ադրբեջանական անկլավ լինել-չլինելու, դրանք Ադրբեջանին «վերադարձնելու» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի՝ վերջերս արած հայտարարության հետ։ Մեր այս հարցերին, սակայն, փոխվարչապետը  չի պատասխանել, սակայն մեզ խոստացան, որ ավելի ուշ կպատասխանեն նաեւ այդ հարցերին։ Հավանաբար, որոշակի դժվարություններ կան այդ հարցերին պատասխանելու հետ կապված, սակայն հուսով ենք, որ ամեն դեպքում կստանանք դրանց պատասխանները, քանզի դրանք հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։