Մարտուն Գրիգորյանը՝ Վանեցյանի փոխարեն. ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ

Մանրամասներ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել և կից նշված է. «Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է»։

Տեսանյութում Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասում է, որ եթե այս շարժումը չհաջողի, ապա ինքն այս Ազգային Ժողովում անելիք չունի:

Ի դեպ Արթուր Վանեցյանը փողոց դուրս եկած ընդդիմությունից  միակն է, ով  արդեն երկրորդ անգամ նման հայտարարություն է անում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից  և ոչ մի պատգամավոր առ այս պահը չի հայտարարել մանդատներից հրաժարվելու մասին։

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի հաջորդ համարը գյումրեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ապա նաև ՀՀԿ-ից ռեյտիմգայինով առաջադրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ «Առաջին լրատվական»-ը Գրիգորյանից հետաքրքվեց՝ արդյոք Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու դեպքում, ինքը խորհրդարան կգնա։ Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ծանոթ չէ Արթուր Վանեցյանի հայտարարությանը և ավելացրեց․ «Այս պահին պայքարն ընթանում է, ավարտված չէ։ Ես կարծում եմ, որ շուտ  է այդ մասին խոսելը»։

Մեր հաջորդ հարցին՝ եթե պայքարն ավարտվի անհաջողությամբ և Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվի ինքը խորհրդարան գնալու ցանկություն ունի՞, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Ցանկությունը ո՞րն է, ցուցակով հաջորդ համարը ես եմ։ Այս պահին պետք է նայենք, տեսնենք, թե ինչ իրավիճակ է լինում, ինչ զարգացումներ են լինում՝ ըստ այդմ պարզ կլինի։ Հիմա ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ»։

Մարտուն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ ինքն անձամբ մասնակցում է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին։