Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. կքննարկվեն ԼՂ հակամարտությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մայիսի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախարար Միրզոյանի նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

Նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը: Մտքեր կփոխանակվեն նաև առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ:

Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ: