ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում

Մանրամասներ

1

ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, Ֆինլանդիայի մուտքը դաշինք սպառնալիք է Ռուսաստանի համար: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ: ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կվերլուծի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված իրավիճակը և կմշակի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պատասխան գործողությունները կախված կլինեն նրանից, թե դաշինքի ռազմական ենթակառուցվածքն ինչ աստիճանի առաջ կբերվի դեպի ՌԴ սահմաններ:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և վարչապետ Սաննա Մարինի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Այսպիսով՝ Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշումը:

Ավելի վաղ Ֆինլանդիայում խորհրդարանի անդամների մեծամասնությունն արդեն արտահայտվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Էրկկի Տուոմիոյան նշել է, որ արդեն պարզ է, որ նման որոշմանը սատարում է «խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը, որը ցանկանում է որքան հնարավոր է շուտ Ֆինլանդիան տեսնել» դաշինքում։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացվի մայիսի 12-ին, որից հետո կուսակցության վարչությունը պետք է համապատասխան որոշում կայացնի։ Եթե որոշումը դրական լինի, անդամակցության հայտ կուղարկվի ՆԱՏՕ-ին, քանի որ մյուս կուսակցություններն արդեն պաշտպանել են նման քայլը։ Խորհրդարանի կուսակցությունների մեծ մասը նաև դեմ է արտահայտվել այդ հարցով համապետական հանրաքվեի անցկացմանը: