Հայաստանի վարչապետի ելույթի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը․ Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ

1

«Հայաստանի վարչապետի ելույթի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»: Այս մասին, ինչպես փոխանցում է minval.az-ը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: 

«Նիդերլանդներում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով «Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, անտեղի ու անհիմն են»:

Նա նշել է, թե «հայկական կողմը վերջապես պետք է հասկանա, որ խաղաղության համար պետք է ոչ թե պարզապես խոսել, այլ գործել»:

«Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է Աբդուլայևայի հայտարարության մեջ։

Նշենք, որ Փաշինյանը երեկ Նիդերլանդներում անդրադարձել էր Ադրբեջանի գործողություններին ու նշել, որ Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: Փաշինյանի խոսքով ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետևյալն է. նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ և ասում են՝ ահա, տեսեք Հայաստանը պրոռուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, հետո դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսեք Հայաստանը պրոարևմտյան երկիր է, տեսեք ոնց են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնում»:

Նա նաև հայտարարել էր. «Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում»: