Ոչ մի կապ

 Կրծկալ հագնելը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման պատճառ չի հանդիսանում. գիտնականներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կրծկալ հագնելու եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջեւ ոչ մի կապ չկա։ Այս մասին է վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Cancer, Epidemiology, Biomarkers and Prevention ամսագրում:

Կրծկալը մշտապես կրելու բացասական ազդեցության տեսությունը առաջացել է այն տեղեկությունների հայտնվելուց հետո, որ զարգացող երկրներում եւ աֆրիկական երկրների մեծ մասում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ցածր վիճակագրություն է դիտվում։ Մինչդեռ զարգացած երկրներում, որտեղ կրծկալը, փաստորեն, պարտադիր ատրիբուտ է, նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության բարձր մակարդակ:

Մինչդեռ, նոր հետազոտություններն ամբողջությամբ հերքում են այս կարծիքը: Գիտնականները վերլուծել են 55-74 տարեկան ավելի քան 1,5 հազար կանանց հետազոտության արդյունքում ստացված տվյալները: Նրանցից 454-ի մոտ ինվազիվ ծորանային կարցինոմա, 590-ի մոտ՝ ինվազիվ օջախային կարցինոմա է ախտորոշվել: Հսկիչ խմբում 469 առողջ կին է եղել:

Մասնակիցներից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկություն է հավաքվել՝ կապված ընտանեկան կարգավիճակի, երեխաների առկայության, ինչպես նաեւ կյանքի ընթացքում կրծկալ կրելու մասին: Վերլուծելով ստացված տվյալները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ կրծկալ կրելու եւ դաշտանադադարից հետո կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջեւ կապը բացակայում է:

«Կրծքագեղձի առաջացման հավանականությունը կախված է այն հանգամանքից, թե կինն օրական քանի ժամ է կրծկալ կրում, ոչ այն բանից՝ դրանում ոսկրիկներ կա՞ն, ոչ էլ նույնիսկ այն բանից, թե կինը որ տարիքից է սկսել կրծկալ հագնել»,– նշում են հետազոտության հեղինակները: