Ղազախստանում նախատեսվում է թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն իրականացնել

Մանրամասներ

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը և Kazakistan Engineering-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Կնքված պայմանագրի համաձայն՝ թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերը կարտադրվեն Ղազախստանում թուրք-ղազախական համագործակցությամբ:

Թուրքիայի և Ղազախստանի միջև նախորդ տարի կնքված պայմանագրի համաձայն՝  մինչ այս ANKA անօդաչու սարքերը մատակարարվում էին Ղազախստանին:

Նշվում է, որ ըստ նոր պայմանագրի՝ անօդաչու թռչող սարքի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվի Ղազախստանում:

Այս պայմանագրի կնքմամբ՝ Ղազախստանը կդառնա առաջին արտասահմանյան երկիրը, որտեղ կհիմնադրվի ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։