Մի քանի օր որպես անհայտ կորած որոնվող տղամարդու դին դուրս է բերվել Փամբակ գետից

Մանրամասներ

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղում՝ «Դավոյի օբյեկտի» մոտ, Փամբակ գետում դի է նկատվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները Փամբակ գետից հատուկ ճոպանների օգնությամբ դուրս բերեն դին: Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և Լոռու մարզի պարեկային ծառայության գնդի պարեկները պարզել են, որ գետից դուրս բերվածը Լոռու մարզի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Ս.-ն էր, ում մի քանի օր է, որպես անհայտ կորած ոստիկաններն ու նրա հարազատները որոնում էին:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: