Անկարան միտումնավոր «ոչնչացրեց» ԵՄ-ին անդամակցելու իր հնարավորությունները. Եվրախորհրդարան

Մանրամասներ

Անկարան միտումնավոր «ոչնչացրեց» ԵՄ-ին անդամակցելու իր հնարավորությունները՝ բանտարկելով բարերար Օսման Քավալային, հայտարարել է Եվրախորհրդարանը՝ ընդունելով իրավապաշտպանի ցմահ ազատազրկումը դատապարտող բանաձեւը։

«Թուրքիայի ներկայիս կառավարությունը միտումնավոր ոչնչացրեց ԵՄ անդամակցության գործընթացի վերսկսման ցանկացած հույս»,- ասվում է բանաձեւում։

Եվրախորհրդարանի բանաձեւը խստորեն դատապարտել է Քավալայի ցմահ ազատազրկումը, որը կայացվեց անցյալ շաբաթ Ստամբուլի դատարանի կողմից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով:

Ստամբուլի 13-րդ բարձր քրեական դատարանի վճիռը վերաբերում է 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում սկսված համազգային հակակառավարական ցույցերին 64-ամյա տղամարդու ենթադրյալ դերին: Քավալան հերքում է մեղադրանքները։

Եվրախորհրդարանը Քավալայի կալանավորումն «անարդար եւ անօրինական» է անվանել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան։

Բանաձեւը կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բոլոր որոշումները եւ անհապաղ ազատ արձակել Քավալային՝ Գեզիի գործով յոթ այլ մեղադրյալների հետ միասին։

2019 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը որոշեց, որ Թուրքիան օգտագործել է կալանքը քաղաքական նպատակներով՝ ոտնահարելով Քավալայի իրավունքները, այդ թվում՝ նրա ազատության իրավունքը, եւ անբարեխիղճ գործելով։ Դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Քավալային։

«Թուրքիան պետք է կոնկրետ եւ կայուն առաջընթաց գրանցի հիմնարար իրավունքների հարցում։ Որպես Եվրախորհրդի երկարամյա անդամ՝ նա պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ որպես իրավական պարտավորություն»,- Եվրախորհրդարանում քվեարկությունից առաջ բանավեճի ժամանակ ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ժոզեպ Բորելը:

Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ցանկացած բարելավում «պետք է կախված լինի Թուրքիայում քաղաքացիական եւ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության իրավիճակի իրական բարելավումից», ասվում է բանաձեւում։

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005 թվականին՝ խոստանալով ամրապնդել իր ժողովրդավարությունը, երաշխավորել օրենքի գերակայությունը եւ տնտեսությունը կարգավորող կանոնները համապատասխանեցնել դաշինքի կանոններին: Բայց ԵՄ-ն սառեցրեց Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ երկիրն էլ ավելի հեռացավ եվրոպական ժողովրդավարական չափանիշներից: