Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան ազատ կլինի. Ջոնսոնը ելույթ է ունեցել Գերագույն ռադայի առջև

Մանրամասներ

1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսակապով ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առջև։ Նա դարձել է առաջին համաշխարհային առաջնորդը, ով ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր:

«Այսօր ես ձեզ մեկ ուղերձ ունեմ՝ Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան ազատ կլինի»,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինան ներխուժող ռուսական զորքերի դեմ պայքարում «ցրել է Պուտինի անպարտելիության առասպելը»։

Ջոնսոնը նաև հայտարարել է, որ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 300 միլիոն ֆունտի ռազմական օգնություն։ Երեքշաբթի օրը Ռադայի նիստում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Երբ նա մտել է նիստերի դահլիճ, պատգամավորները նրան դիմավորել են բուռն ծափողջույններով։