Ընդդիմությունն ինքն իրեն ոգևորում է, որ ամեն ինչ լավ է ստացվում․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

1

Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չկա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցւոմ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այն ուժերը, որ ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում. ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են։ Ընդդիմության վիճակը վատ է. միգուցե չհաջողեն, դրա համար շատերն այս դահլիճ չպետք է հետ վերադառնան», -ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե ոստիկանությունը «բոքսում է» ցուցարարներին, ԱԺ նախագահը կոչ արեց լեքսիկոնից հանել «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։

«Մի կոնկրետ դեպք ընդհանարացնելն ու հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում», - ասաց նա։

Ալեն Սիմոնյանը շնորհակալ է ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները ու թույլ չեն տալիս «փոքր միջոցառումները» խանգարեն մյուս քաղաքացիներին։

ԱԺ նախագահն ասաց, թե ընդդիմության հանրահավաքի հենց առաջին օրը սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։

«Հետևությունները թողնում եմ ձեզ, գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կամ ամենակարևոր այցերի հետ, կամ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է», - ասաց նա։