Նենսի Փելոսին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի նախագահին

Մանրամասներ
ա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ընդունել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին։ Փելոսիի և Դուդայի հանդիպման օրակարգային գլխավոր թեման Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են։

Հանդիպման ավարտին Փելոսիի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար նշված է․ – «Մենք Լեհաստան ենք ժամանել աշխարհին աներկբա ուղերձ հղելու նպատակով՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում Ամերիկան հաստատակամորեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին է»։

Նենսի Փելոսին և նրան ուղեկցող կոնգրեսականները, որոնց թվում էր նաև Կալիֆորնիայի հայաշատ շրջաններից ընտրված Ադամ Շիֆը, Վարշավա էին ժամանել Ուկրաինայի մայրաքաղաքից։ Ամերիկացի կոնգրեսականներին Կիևում նախօրեին ընդունել էր Վլադիմիր Զելենսկին։