Նոր սկանդալ Վրաստանում. տարածվել է միլիարդատեր Իվանիշվիլիին և ռուս օլիգարխին վերագրվող զրույցի ձայնագրությունը

Մանրամասներ
ա

Համացանցում տարածվել է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի զրույցի ձայնագրությունը, փոխանցում է Առաջին լրատվականը։ Վերջինս, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, հայտնվել էր Արևմուտքի պատժամիջոցների տակ։

Տեսանյութը հրապարակվել է Cyber ​​​​Kmara յութուբյան ալիքում։ Ինչպես երևում է ձայնագրությունից, Եվտուշենկովին վերագրվող ձայնը պատժամիջոցները շրջանցելու ինչ-որ սխեմա է առաջարկում. խոսքը հացահատիկի մասին է։ Զրույցում նշվում են մի քանի անուններ, այդ թվում՝ օլիգարխի ընկերության փոխնախագահ Ալի Ուզդենովի։ Նշվում է, որ Ուզդենովը, իբր, պետք է գա Վրաստան։

Նշվում է նաև ոմն Դավիթ, ենթադրաբար՝ Դավիթ Խիդաշելին, որը կապված է «քարտեզագրողների» աղմկահարույց գործի հետ։ Ռուսաստանում գտնվելու ընթացքում եղել է «Սիստեմա» հեռահաղորդակցության ընկերության փոխնախագահը։ Եվտուշենկովն ընկերության վերահսկիչ փաթեթի սեփականատերն է։

Ձայնագրության մեջ Իվանիշվիլին ռուս օլիգարխին ասում է, որ իրավիճակն ամենևին էլ ուրախալի չէ, «բայց մենք պետք է ուժեղ լինենք»։ Ինչին ենթադրյալ Եվտուշենկովը պատասխանում է, թե մի գաղափար ունի, որը Դավիթը կբերի։

Մարտի 12-ին թվագրվող երկրորդ ձայնագրության մեջ Իվանիշվիլիին վերագրվող ձայնում հիշատակվում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և գործարարների հետ հանդիպումը։