Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրել

Մանրամասներ
ա

Պաշտոնական Կիևը ԱՄՆ վարչակազմից ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի շտապ տնտեսական օգնություն է խնդրում՝ ասելով, որ առանց այդ միջոցների Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը կարող է վատթարանալ: Այս մասին գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։

Ըստ The Washington Post-ի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Մարչենկոն ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ասել է, որ Կիևին ամսական առնվազն 5 միլիարդ դոլար միջազգային օգնություն է անհրաժեշտ՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին իր հրատապ ծախսերը վճարելու համար, որից 2 միլիարդը՝ ԱՄՆ-ից։ Բացի այդ՝ ապագայում ակնկալվում է լրացուցիչ օգնություն՝ կապված երկրի վերականգնման՝ ավելի երկարաժամկետ կարիքների հետ։

Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 միլիոն դոլարի տնտեսական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ միջոցները տրամադրվում են Կիևին՝ տնտեսությունը կայունացնելու, աշխատավարձեր վճարելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար։